Կարմիր Խաչը անհայտ ճակատագրերը պարզելու համար հարցումներ է ուղարկում Բաքու. Մեկ տարուց ավելի է՝ Հադրութի բուժծառայության պետի ճակատագիրն անհայտ է
2020 թվականին Արցախում ծավալված 44-պատերազմի օրերին գերեվարվել է 18-րդ դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։ Նրա ճակատագիրը հիմա էլ անհայտ է՝ պատկան մարմինները ոչինչ չեն ասում, թե ինչ են անում նրա հայրենադարձումը կազմակերպելու համար։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հաղորդմամբ՝ ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, գերեվարվել է հոկտեմբերի 6-ին։
Նրա ծառայակից ընկերները պատմել են, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ փրկել։
Պատգամավորները հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու, թե ինչ քայլեր են արվում նրան վերադարձնելու ուղղությամբ, սակայն հոդաբաշխ պարզաբանում ստանալ չի հաջողվում։
Փոխգնդապետի ճակատագիրը պարզելու համար «Փաստինֆո»-ն դիմել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունուն, որը վստահեցրեց, որ անհայտ ճակատագրերը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակական են։ Չեն կարող հանրային հարթակներում մանրամասնել անհատական ու առանձին դեպքերի մասին։
«Անձինք, որոնց գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա, բայց հարազատներից ստացել ենք ստույգ տվյալներ, որ կարող է ենթադրաբար որևէ ժամանակում գերեվարված լինել, մենք չենք մանրամասնում յուրաքանչյուր դեպքի մասին, բայց այդ անձանց հարազատների հետ մշտական կապի մեջ ենք և իրենց հետ կապված տվյալները փոխանցել ենք և շարունակաբար պատվիրակության միջոցով հարցումներ ենք ուղարկում Ադրբեջանի իշխանություններին։ Մենք դա անում ենք երկխոսության շրջանակներում՝ իշխանությունների հետ, յուրաքանչյուր ընտանիքի, հարազատների հետ մենք կապի մեջ ենք, այդ հարցերը գտնվում են մեր ուշադրության ներքո, քանի դեռ փորձում ենք մեր կողմից աջակցել այդ գործընթացին՝ պարզաբանելու մարդկանց ճակատագրերը, որոնց գտնվելու վայրը և ճակատագիրը անհայտ է»,- ասաց Ամատունին։