Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ իր եղբոր ղեկավարած ասֆալտապատող կազմակերպությունը երկու խոշոր մրցույթ է շահել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանի եղբոր ղեկավարած ընկերությունն ասֆալտապատելու երկու խոշոր մրցույթ է շահել։ Այս տեղեկությունն այսօր հաստատել է ինքը՝ ԱԺ նախագահը՝ նշելով, որ խոշոր երկու մրցույթ շահել է ասֆալտապատող կազմակերպությունը, իսկ իր եղբայրն աշխատում է այդտեղ՝ որպես տնօրեն։
Նկատենք, որ խոսքը գնում է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու խոշոր մրցույթի մասին:
Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝մրցույթում հաղթել է այն կազմակերպությունը, որն ամենաէժան գինն է առաջարկել, նա նաև հորդորեց մրցույթների մասնակցող մյուս կազմակերպությունների վերաբերյալ մանրամասները ևս ուսումնասիրել.
«Այսինքն՝ իմ եղբայրը չպետք է ոչ մի տեղ աշխատի, պետք է գումար խնդրի տարբեր կազմակերպություններից, որպեսզի կարողանա իր կյանքն ապահովե՞լ, նույնը կվերաբերվի նաև իմ կնոջը և հարազատներին: Նրանք պետք է ոչ մի տեղ չաշխատեն, աշխատավարձ չստանան, իսկ այն կազմակերպությունները, որտեղ աշխատում են, երբեք որևէ մրցույթի չպետք է մասնակցեն, որովհետև ֆեյսբուքյան որևէ օգտատեր, իմ անունը շահարկելու համար, կարող է գրել այդ մասին: Ես ցանկանում եմ, որ այդ կազմակերպությունն էլ ավելին շատ մրցույթներ շահի, եթե դա պետությանը ձեռնտու է: Իսկ շահել է այն կազմակերպությունը, որն ամենաէժան գինն է առաջարկել: Ես խորհուրդ եմ տալիս մրցույթների մասնակցող մյուս կազմակերպությունների վերաբերյալ էլ հետաքրքրվել և պարզել՝ թե ում հետ են փոխկապակցված»,-ասաց Սիմոնյանը: