«Աչքս եւ գլուխս լուրջ խորքային վնասվածքներ չունեն». Գեղամ Նազարյանը՝ ԱԺ ծեծկռտուքի դրվագով քրգործ չհարուցելու մասին
Ազգային ժողովում օգոստոսի 25-ին աչքի հատվածում հարված ստացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դրվագով Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի։
NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց՝ քննիչի որոշման մեջ նշված է, որ իր աչքն ու գլուխը լուրջ խորքային վնասվածքներ չունեն։
«Ասում են՝ հարվածը մեկն է. մեկ հարվածի դեպքով հիմք չունենք քրեական գործ հարուցելու։ Բացի այդ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ աչքս եւ գլուխս լուրջ խորքային վնասվածքներ չունեն։ Պատճառն այն է, որ մեկ հարված է եղել, դատաբժիշկն էլ նշել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել»,- ասաց նա։
Նազարյանը չցանկացավ նշել, թե ով է իր աչքին հարվածող պատգամավորը. «Ես հատուկ չեմ հրապարակում նրա անունը, դա իմաստ չունի»։
Գեղամ Նազարյանն ասաց, որ նրան ՀՔԾ-ն կանչել է հարցաքննության. «Նա ուղղակի իմ տեղեկություններով՝ սկզբից փորձել է հերքել, թե ինքը չի հարվածել։ Փաստն ընդունել է միայն այն ժամանակ, երբ կադրերը որպես անհերքելի ապացույցներ իրեն մատուցվել է, եւ ինքը տեսել է, որ դավադիր հարվածում է։ Անկեղծ ասած ես մտածում էի այդ պահին՝ ինքը ուղղակի գալիս է, որ այդ պահին Արթուր Ղազինյանի վրա 5 հոգով հարձակվել են, փորձում է բաժանել։ Ինչպես «Հայաստան» դաշինքից, «Պատիվ ունեմ»-ից այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից կային մարդիկ, որոնք իսկապես ուզում էին այդ ամեն ինչին վերջ տալ։ Ես պաշտպանական որեւէ միջոց չձեռնարկեցի, ու մատերը մտավ աչքիս մեջ։ Թեեւ այդ հարվածների հետեւանքները դեռ կա, բայց բժիշկները վստահեցրել են, որ շուտով ամբողջապես այդ խնդիրները կլուծվեն»։
Ըստ պատգամավորի՝ կարեւոր է՝ հասարակությունը հասկանա, որ այս իրավիճակում, երբ երկրի առջեւ լուրջ խնդիրներ են, կառավարող ուժը մանր խնդիրներ է դնում իր առջեւ. «Կարեւոր է, որ այդ ծեծկռտուքը եղավ այն ժամանակ, երբ վարչախմբի պարագլուխը հենց այնտեղ էր գտնվում։ Նա կարող էր հարթել իրավիճակը, հանգստացնել կրքերը»։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Համացանցում տարածված տեսանյութերում երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
NEWS.am-ին ՀՔԾ-ից հայտնեցին, որ այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ դեռ չկա։