Բժիշկները ասել են, որ պրոֆեսորի առողջական վիճակն իրոք անհամատեղելի է անազատության մեջ գտնվելու հետ
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ մենք «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք նրան տեսակցության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Շատ հստակ փաստերով եւ փաստաբանները, եւ բժիշկները ասել են, որ պրոֆեսորի առողջական վիճակն իրոք անհամատեղելի է անազատության մեջ գտնվելու հետ: Պարզապես այսօրվա իշխանության կողմից սա խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է: Ոչ միայն պարոն Չարչյանի, այլեւ մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաեւ բազմաթիվ անահատների, աջակիցների նկատմամբ: Մեր խմբակցության, փաստորեն, 10 տոկոսը այսօր ձերբակալված է կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ: Սա է իշխանության կերպարը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանությունների, այդ թվում միջազգային կազմակերպությունների նամակով տեղեկացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին. «Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ եւ այս իշխանությունը համատարած կերպով մեր հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ, շարունակվում են ճնշումները համայնքների ղեկավարների նկատմամբ: Շարունակվում են ճնշումները, որ գործող համայնքի ղեկավարները հրաժարական տան, որ իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար եւ ՏԻՄ ընտրություններում հասնեն հաջողության»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Գորիսում ՀՅԴ-ն պաշտպնելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը. «Տարբեր համայնքներում ունենք տարբեր մոտեցումներ: Տեղեր կան հանդես կգանք դաշինքով, տեղեր կան՝ առանձին: Բազմաթիվ համայնքներում ՀՅԴ-ն հանդես է գալու իր առանձին ցուցակով»: