28 տարի առաջ այս օրն Արցախի ԶՈՒ վերահսկողության տակ անցան Ղուբաթլուի շրջանի թշնամական ռազմահենակետերը
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Ուղիղ 28 տարի առաջ՝ 1993թ. օգոստոսի 31-ին Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ ընկան Ղուբաթլուի շրջանում տեղակայված թշնամական ռազմահենակետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Այդ գործողությունից անմիջապես հետո թուրքական 3-րդ դաշտային բանակի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադներն առաջ շարժվեցին դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահպանության հատված, ինչպես նաև մարտական պատրաստականության «Բարձր» մակարդակի բերվեցին ավիացիոն զորամասերը:
Ի պատսխան դրան, ՌԴ զինված ուժերի Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը 127-րդ դիվիզիայի հետ սկսեց հրամանատարա-շտաբային զորավարժություններ:
Նույն ժամանակ Իրանը «Լրիվ» մարտական պատրաստականության բերեց սահմանի երկայքով տեղաբաշխված իր ռազմական խմբավորումը և մարտագծին հարակից տարածքում անցավ «Մոխանդ» պայմանական անվամբ արտապլանային զորավարժությունների անցկացմանը:
Ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտության ֆոնին ուրվագծվում էր տարածաշրջանային պետությունների հավանական ներգրավման հնարավորությունը, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները հրավիրվեցին բանակցային սեղանի շուրջ: Հակամարտող կողմերի, այն է՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց օգոստոսի 31-ի ժամը 17.00-ից տասնօրյա ժամկետով շփման գծում դադարեցնել կրակը և մինչև սեպտեմբերի 10-ը կազմակերպել Ադրբեջանի ու Արցախի բարձր ղեկավարների հանդիպում:
Դրանից մոտ 27 տարի հետո մենք ստիպված էինք կորցնել ռազմավարական կարևոր նշանակության նույն այն բնագծերը, որոնք նվաճվել էին ուղիղ 28 տարի առաջ՝ հայ զինվորի հերոսական մաքառումների գնով:
Այն ժամանակ մենք պարտադրող էինք, իսկ այսօր՝ կատարող:
Եվ ամենագլխավորը՝ այն ժամանակ, ինչպես տարածաշրջանային հիմնական դերակատարները, այնպես էլ մենք, գիտեինք մեր անելիքը, իսկ այսօ՞ր: Այսօր էլ հիմնական դերակատարները գիտեն իրենց անելիքը, իսկ մե՞նք»,- գրել է Հասրաթյանը: