27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքից
Հուլիսի 24-ին ամուսնացել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը։ Հայկ Սարգսյանի և նրա կնոջ՝ Օլյա Հայրապետյանի հարսանեկան ծիսակարգը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել նորապսակների «զագսավորումը»։ Հայկի և Օլյայի հարսանեկան խնջույքը շարունակվել է «Prime Hall» ռեստորանում։
«Շիշ բռնողի» կինը հայտնի գործարարներ Հայրապետյաններից մեկի թոռնուհին է։ Զույգը նշանվել էր այս տարվա հունիսի 1-ին։
«Իրավունքը» տեղեկացավ, որ պատգամավորի հարսանիքը կազմակերպվել է առանձնակի ճոխությամբ: Ըստ մեր աղբյուրի՝ Սարգսյանի հարսանիքին երգել են Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը և Իվետա Մուկուչյանը։ Պատգամավորին մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ պատգամավորն ավելի քան 27. 000 ԱՄՆ դոլար տրամադրել է Իվետա Մուկուչյանին, Իսկ ահա Թաթուլ Ավոյանին և Թաթա Սիմոնյանին՝ յուրաքանչյուրին 20. 000 ԱՄՆ դոլար: Պարզվում է նաև, որ «Շիշ բռնողի» հարսանեկան տորթը ևս բավականին թանկ է արժեցել: Ավելի քան 7000 ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ 44-օրյա պատերազմից ընդամենը 9-10 ամիս է անցել՝ շուրջ 5000 զոհ, հայրենազրկված հազարավոր արցախցիներ, կորսված Արցախ, մինչ օր անհետ կորած անհաշվելի թվով զինվորներ, թշնամու ծիրախում հայտնված Երասխ, Գեղարքունիք, սակայն այդ ամենը չի խանգարում իշխանության ներկայացուցիչներին ճոխ խնջույքներ կազմակերպել, լիաթոք ուրախանալ, զվարճանալ և ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: