Վարչապետը վերածվել է միապետի, ով նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է իրացնում. Վարդևանյան
Այս թեմայով
- Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան
- Թաթոյանի փաստարկները բխում են Հայաստանի շահերից, այլ հարց է, որ դա կարող է այս իշխանությանը հաճելի չլինել
- Փաստացի պետությունը «փայ մտավ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
- «Հանգիստ հլը». Արամ Վարդեւանյանի հարցից հետո Ազգային ժողովում մթնոլորտը կրկին թեժացավ
Մենք ՍԴ-ում գործի քննություն ենք ունենում, բայց այդ ընթացքում գիտակցում ենք, որ թշնամին կարողանում է մեր սահմաններից ներս թափանցել։ ՍԴ-ում իր եզրափակիչ խոսքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Վերջինս նշեց՝ նման մարտահրավերների առջև ՀՀ-ն երբևէ կանգնած չի եղել։
«Այս ամբողջ իրադարձությունների կոնտեքստի բացահայտման մեջ շատ կարևոր է 2018թ.-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքը, իսկ հետևանքն այն է հանդիսանում, որ ՀՀ վարչապետը փաստացի վերածվել է միապետի, ով նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է իրացնում։ Այս ընտրությունների շղթան սկիզբ էր առել մարտ ամսից, ՀՀ նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով։ Նշվածն այս քննության ընթացքում չհերքվեց, ավելին՝ այն, որ նման գործընթաց կարող էր տեղի ունենալ հենց ճնշման միջոցով, կհիշեցնեմ մեկ օրինակ։ Երբ Հանրապետության նախագահն առաջին անգամ իրացրեց իր լիազորությունը և բարձրաստիճան զինվորականին պաշտոնից ազատելու առաջարկը հետ վերադարձրեց, դրան անմիջապես հաջորդեց հայտարարություն, որ պետք է քննարկել իմպիչմենտի հնարավորության հարցը։ Այս պայմաններում խոսել Հանրապետության նախագահի լիազորությունները չյուրացնելու մասին, միամտություն է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետը որոշեց հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ դա արհեստական ձևով մրցակցային առավելություն ստանալն է։
Ինչ վերաբերում է բարձրագույն պաշտոն զբաղեցնողի անընդհատության իրավական պրակտիկային, Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ 1998թ.-ին այդ պրակտիկան ընդհատվել էր, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին և դա նշանակում էր հենց հրաժարական։
«Եթե անձը հրաժարական է տալիս, դա հենց հրաժարական է նշանակում, բայց ինչու՞ այլ կերպ եղավ այս դեպքում, պատասխանը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն էր։ Բարձր դատարանին ներկայացրեցինք իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է։ Հնարավորություն չունեցանք ներկայացնել պարգևատրումների ողջ ծավալը։ Ներկայացրեինք, որ քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ են վերադարձվում իրավաբանական անձանց։ Դա չի արվում մինչև նախընտրական քարոզարշավը, այլ արվում է հենց մայիսի 10-ից հետո։ Ակնհայտ է, որ այդտեղ ոչ մի պատահականություն չկա»,-նշեց Արամ Վարդևանյանը։