Որքա՞ն հաճախ է կորոնավիրուսը հայտնվում հիվանդների ողնուղեղային հեղուկի մեջ
SARS-CoV-2 կորոնավիրուսը բավական հազվադեպ է հայտնվում պացիենտների ողնուղեղային հեղուկի մեջ։ Անգամ գլխուղեղի եւ ողնուղեղի վարակով պացիենտների մոտ (բոլոր հետազոտվածների 65 տոկոսը) վիրուսի ՌՆԹ հայտնաբերվել է ողնուղեղային հեղուկի նմուշների միայն 10 տոկոսի մեջ։ Այս մասին տեղեկացվում է Journal of Neuroimaging ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Հետազոտողների խոսքով՝ դեպքերի մեծ մասում ողնուղեղի եւ գլխուղեղի հյուսվածքների ախտահարումների պատճառը բորբոքումներն են եւ թթվածնի պակասը, այլ ոչ թե կորոնավիրուսով նյարդային բջիջների ուղղակի վարակումը։
Այն մասին, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է հայտնվել գլխուղեղի պերիֆերիկ նյարդային բջիջներում եւ հյուսվածքներում, հայտնի էր արդեն համավարակի առաջին փուլերում։ Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսը չի կարող բազմանալ ուղեղի բջիջների ներսում, բայց կարող է առաջ բերել դրանց զանգվածային մահ եւ արագացնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները։ Կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ նույնպես կարող են առաջանալ ուղեղի աշխատանքի լուրջ խախտումներ, այդ թվում գիտակցության մթագնում, հիշողության ժամանակավոր վատթարացում եւ մտավոր կարողությունների նվազում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նոր հետազոտության հեղինակները որոշել են պարզել, թե որքան հաճախ կորոնավիրուսի ՌՆԹ կտորներ կարելի է գտնել պացիենտների ողնուղեղային հեղուկում, որոնք վարակվելուց հետո կորցրել են հոտառությունը, ինչպես նաեւ բախվել են հիշողության եւ գիտակցության հետ կապված խնդիրների։ Ընդհանուր առմամբ, նրանք ուսումնասիրել են նման ախտանշաններ ունեցող մոտ 200 պացիենտի հիվանդության պատմությունը. նրանք բոլորն էլ հանձնել են ողնուղեղային հեղուկի նմուշներ եւ բուժզննում անցել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով։
Այդ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2-ը իսկապես կարող է թափանցել հիվանդների ողնուղեղային հեղուկի մեջ։ Սակայն դա բավական հազվադեպ է պատահում. գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի ՌՆԹ կտորներ միայն պացիենտների 5 տոկոսի մոտ։ Ընդ որում՝ ողնուղեղի եւ գլխուղեղի հյուսվածքների ախտահարումներ գիտնականները գրանցել են միայն հիվանդների 65 տոկոսի մոտ։ Վիրուսի հետքեր եղել են նրանց ողնուղեղային հեղուկի միայն 10 տոկոսում։
Մի կողմից՝ դա վկայում է այն մասին, որ կորոնավիրուսը բավական հազվադեպ է թափանցում ողնուղեղային հեղուկ եւ անհամեմատ ավելի հաճախ է առաջ բերում ողնուղեղի եւ գլխուղեղի աշխատանքի խախտումներ՝ ախտահարելով նրանց հյուսվածքները անուղղակիորեն, քան նեյրոնների ուղղակի վարակման արդյունքում։
Մյուս կողմից՝ գիտնականները հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ վարակի ամենածանր ձեւն ունեցող հիվանդների ողնուղեղային հեղուկի մեջ կորոնավիրուսի հետքերը եղել են գրեթե միշտ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դա պետք է հաշվի առնել պացիենտների բուժման եւ SARS-CoV-2-ի դեմ պայքարի մարտավարությունն ընտրելու ժամանակ, երբ առաջ են գալիս հիվանդների հիշողության եւ գիտակցության հետ կապված ակնհայտ խախտումներ։