Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում. Իգոր Սարգսյան
Երեւի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել է «ֆեյքերը», «սորոսները», ապազգային տարրերը, մորթապաշտները, եւ տրամաբանական է, որ ինքը պետք է ասի, որ բանակ չենք ունեցել: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի զինվորականների ու քաղաքացիների ակցիայի ժամանակ նշեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 30 տարի բանակ չենք ունեցել:
«Բանակ ունեցել ենք 30 տարի՝ սկսած 1991 թվականից, եւ բանակն օրեցօր հզորացել է: Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում, ինչով հնարավոր էր քանդել, քանդեցին, սկսեցին որակավորել գեներալներին, զինվորականներին կաշառակերների ու չիմացողների եւ կամաց -կամաց քանդեցին, հիասթափեցրին բանակի հրամանատարական կազմին, մարդկանց, ովքեր օրուգիշեր խրամատներում, առաջին գծում կայացնում էին բանակը: Անհրաժեշտ է հավաքվել եւ սատարել բանակին, ԳՇ պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները, եւ բանակի վերակազմակերպելը կարճ ժամանակի խնդիր է»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով՝ մեր ազգի, մեր պետականության անվտանգության համար առաջին, գլխավոր երաշխավորը բանակն է, իսկ այն հայտարարությունները, թե Գլխավոր շտաբը քաղաքական հայտարարություն է արել, նրա կարծիքով, միտված է բանակը քանդելուն. «Ուժեղները միշտ մտածում են ուժեղ բանակ ունենալու մասին, ու 30 տարվա ընթացքում մեր հաղթանակներն ուժեղության դրսեւորում էին, եւ հաղթեցինք 30 տարվա մեջ, սակայն այլ պետությունների հետախուզությունների ուղղորդմամբ շարժվող այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բերեցին բանակի, համընդհանուր ժողովրդի պարտության եւ հիասթափության»: