Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:
«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:
Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը: