Հայաստանի անկախության 35-ամյակը կնշվի մեծամասշտաբ համերգային միջոցառումներով
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը: Ի նշանավորումն հոբելյանական տարվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հանրապետության 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, սեպտեմբերի 17-ից նախատեսվում են մեծամասշտաբ համերգային միջոցառումներ, իսկ սեպտեմբերի 21-ին տոնակատարությունները կամփոփվեն Երևանում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ տարբեր գերատեսչությունների և միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Քննարկվել են միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ անցկացումը՝ շեշտելով, որ պետականության տոնին նվիրված ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բնակչի։ Հանդիպմանը քննարկվել է միասնական բրենդավորմամբ հանդես գալու, լայն իրազեկման, գերատեսչությունների ու կազմակերպիչների համատեղ ու համակարգված աշխատանքի հարցը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է միջոցառումների անցկացման ժամանակացույցը, տեղավայրերը, կազմակերպական աշխատանքների ընթացը: Ըստ այդմ՝ միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանից, հաջորդ համերգը նախատեսված է սեպտեմբերի 18-ին Վանաձորում, սեպտեմբերի 19-ին՝ Կապանում, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում։
Ամփոփիչ և գլխավոր միջոցառումը տեղի կունենա Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում՝ շուրջ 250 արտիստների ներգրավմամբ: Բոլոր համերգները կամփոփվեն հոբելյանական հրավառությամբ:
Համերգների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած բեմի կազմակերպումից մինչև համերգային փորձեր, կսկսվեն միջոցառումներին նախորդող օրերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին