Գերմանական հակահետախուզությունը հայտնել է Գերմանիայում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին
Գերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,- ասել է Մաասենը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների նախագծերի վերաբերյալ բոլոր դիմումները՝ երկրների միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ հնարավորություն չի տեսնում Եվրոպական Միության հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելու համար: Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև վարկային և ներդրումային ծրագրերը: Նա նաև նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների դեպքում գերմանացիների համար առկա վտանգների մասին:
Երեքշաբթի Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորման մասին, որոնց թվում եղել է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները: Գերմանիայի ԱԳՆ-ն Անկարայից պահանջել է նրան անմիջապես ազատ արձակել՝ Շտոյդների դեմ մեղադրանքները աբսուրդային անվանելով և նրա կալանավորման առնչությամբ կանչելով Թուրքիայի դեսպանին:
Ավելի վաղ Թուրքիայում ահաբեկչության աջակցության մեջ մեղադրանքով ձերբակալվել է գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելը: