10 000 դոլարի դիմաց ազգությամբ թուրքն օգնել է իր հայրենակցին ապօրինի հատել ՀՀ սահմանը
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու և նրան հանցակցող Աբդուլբարի Կանատին գործով նախաքննություն ավարտվել է: Քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել Սուրեն Մնոյանին:
Օզգյուլ Դումանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի հատվածում ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը:
Օզգյուլ Դումանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աբդուլբարի Կանատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ Թուրքիայի քաղաքացի Օզգյուլ Դումանը Թուրքիայում խնդիրներ ունի և ցանկանում է ապօրինի կերպով տեղափոխվել ՀՀ, նրան օգնել է:
Աբդուլբարի Կանատին հիշյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով օժանդակել է նրան, ստանձնել է 10 000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց` խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:
Աղբյուրը՝ tert.am