Ավի՜կս, էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս…
Ավի՜կս...
Էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս…
Երբ պատերազմն սկսվեց, բոլորս գիտեինք, որ առաջիններից ես գնալու, որովհետև հայրենասիրությունդ սահման չուներ: Ու գնացիր...
Առաջին 20 օրն ապրեցինք 15 վայրկյանանոց զանգերիդ լուրերով: Երկրորդ 20 օրը՝ նորից լուր ստանալու հույսով: Երրորդ 20 օրը՝ քեզ գտնելու հույսով: Եղբայրներդ ու քույրերդ անհնարինն արեցին. 20 օր շարունակ, մի քանի անգամ «սանրեցին» ողջ
Մարտակերտն ու բոլոր հիվանդանոցները՝ քեզ կենդանի գտնելու հույսով… Ու գտան…քառասունքդ լրանալու օրը…
Այսօր միանալու ես հերոս ընկերներիդ՝ Եռաբլուրում, ու բոլորիս թողնելու ես հավերժ սգավոր, բայց հպարտ քեզնով, երջանիկ՝ որ ճանաչել ու սիրել ենք քեզ, բայց թշվառ՝ որ երջանկությունն այդքան կարճ տևեց:
Հիշելու ենք աչքերիդ ու մաքրամաքուր հոգուդ լույսը: Հիշելու ենք որպես մի մարդու, որ ողջ ժամանակն ու եռանդը նվիրեց իր ազգային մշակույթի ուսումնասիրությանն ու պահպանմանը, ու կյանքը զոհաբերեց հայրենիքին:
Քո էությունը նկարագրող մի դրվագ եմ ուզում պատմել:
Ավիկը բանակ գնաց ԵՊՏՀ բակալավրատն ավարտելուց հետո: Ծառայեց հայ մայրերի և երիտասարդների մղձավանջ «Եղնիկներում»: Վերադարձավ՝ հմայված «Եղնիկների» ամեն ինչով՝ սկսած բնությունից և վերջացրած զինվորական առօրյայով, հիացած հայոց բանակով ու հատկապես իր հրամանատար Կ. Ջալավյանով (Քյոխ), որը մինչև վերջ մնաց զինվորականի նրա իդեալը:
Վերադարձավ ու ասեց. «Մեր բանակը կարգին դասագիրք չունի: Դասագիրք եմ գրելու հակատանկային զենքերի մասին»: Գրեթե բոլորը ծիծաղեցին (դե՝ նորավարտ տնտեսագետն ու՜ր, բանակի համար դասագիրք գրելն ու՜ր), մի քանիսս քաջալերեցինք (մտքով անցել ա, թող զբաղվի, եթե դա իրեն հաճույք կպատճառի):
Մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից ու անքուն գիշերներից հետո Ավիկը գիրքն ավարտում է ու տանում ՊՆ, ներկայացնում, բացատրում, թե ինչ է: Ինչ-որ մի սպա վերցնում է թղթապանակը, հեգնական քմծիծաղով մի կողմ դնում ու ասում, որ պետք է նայվի, քննարկվի, որոշում կայացվի … Մի խոսքով՝ անհույս գործ:
Որոշ ժամանակ անց Ավիկին հրավիրում են ՊՆ: «Գիրքդ նայել ենք: Ի՞նչքան հոնորար ես ուզում»: Ավիկը վիրավորանքից ու զայրույթից այլայլվում է. «Ի՞նչ հոնորար: Բանակիս համար եմ արել»: «Դեեե, պիտի խմբագրվի, ուղղվի, աշխատանք շատ կա անելու… բայց կտպենք» (վստահ եմ, որ սպան մտքում ծիծաղում է միամիտ տղայի վրա):
Էլի որոշ ժամանակ է անցնում, Ավիկին նորից հրավիրում են ՊՆ, արդեն տպագրված գրքի 3 թե 4 օրինակ նվիրում ու ճանապարհում: Ով երբևէ թեկուզ մի քանի տող տպագրել է, լավ կպատկերացնի Ավիկի սրտի թրթիռը, հուզմունքը, հպարտությունը, երբ ձեռքերի մեջ զգում է իր առաջին «ստեղծագործությունը» ու սկսում թերթել...
…Պարզվում է՝ Ավիկի գրած տեքստից ստորակետ անգամ չի փոխվել, միայն գծանկարների չափերն են փոքրացել, որից դրանք զգալի տուժել են: Սակայն գիրքը «գրել, վերահսկել, խմբագրել» են գեներալ-մայորներն ու գնդապետ-փոխգնդապետները: Իսկ Ա. Ավետիսյանը ներկայացվել էր ընդամենը որպես «մշակող ու թարգմանիչ»:
Ես չգիտեմ պարոնայք սպաներն ինչ հոնորար կերան, թող իրենց անուշ լինի, բայց Ավիկը գոհ ու երջանիկ էր՝ «բանակիս համար» գործ էր արել:
Այդպիսին էր մեր Ավիկը…
Արուս Մարգարյանի ֆեյսբուքյան էջից