Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար
520 կիլոմետր սահմանի պաշտպանության կազմակերպման, հերթափոխի կազմակերպման եւ այլ հարցերի լուծման անհրաժեշտություն կա, որոնց համար անհրաժեշտ է պահպանել ռազմական դրության ռեժիմը: Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Պատգամավորի խոսքով` արդեն օրինագծերի փաթեթ է մշակվել եւ ներկայացվել կառավարության քննարկմանը: «Նշված հարցերը դրանց ընդունումից հետո կարող են լուծվել առանց ռազմական դրության ռեժիմի»,- ասաց Մկրտչյանը:
Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ռազմական դրության պայմաններում միջոցառումների մի ամբողջ համալիր է իրականացվում, որոնք վերաբերում են ոչ միայն բանակին, այլ նաեւ տնտեսությանը, առողջապահությանը եւ տեղական ինքնակառավարմանը:
Նրա խոսքով` ռազմական դրության ռեժիմը պետք է առայժմ ուժի մեջ մնա, իսկ դրա կետերը պետք է փուլ առ փուլ չեղարկվեն:
«Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանը բարձր մակարդակի բժշկական եւ նյութական աջակցություն է ապահովել վիրավոր զինծառայողների եւ խաղաղ բնակիչների համար, այդ թվում` երկրի քաղաքացիների եւ Սփյուռքի ներկայացուցիչների նվիրատվությունների շնորհիվ: Ռազմական դրության մասին որոշումը հնարավորություն տվեց ապահովել այդ ամբողջ աջակցությունը` ազատելով այն հարկային եւ մաքսային պարտավորություններից»,- ասաց Ավանեսյանը:
Բացի այդ, պայմաններ ստեղծվեցին այս օգնության առավել արդյունավետ եւ արագ բաշխման համար: Այդ կարգավորումները ներկայիս ծավալներով, ըստ Ավանեսյանի, կարող են գործել միայն ռազմական դրության շրջանակներում:
Ընդ որում, կառավարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել եւ քննարկում, որը պետք է օգնության անխափան տրամադրում ապահովի նույնիսկ ռազմական դրության չեղարկումից հետո:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իշխանությունները պատրաստ են քննարկել ռազմական դրության փուլային չեղարկման հարցը ողջամիտ հետաձգման տրամադրման դեպքում: