44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր
Ադրբեջանին անցած տարածքներում ծառայած տղաներին լավագույն դեպքում տեղակայել են դպրոցներում և մանկապարտեզներում։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց ժամկետային զինծառայողի մայրը։
«Տղաս ծառայել է Արալեռում, որն այժմ գտնում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այն զորամասը, որտեղ ծառայել է տղաս, այլևս չկա։ Ադրբեջանին անցած տարածքների երեխաներին տեղակայել են հայկական հսկողության տակ գտնվող տարածքներում՝ լավագույն դեպքում դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմա իմ որդին Մարտունիում է՝ դպրոցում։ Բնականաբար դպրոցները հարմարեցված չեն զորամասերին, չկան անկողիններ, լավագույն դեպքում իրենց կարող են տրամադրել քնապարկեր։ Երեխաները քնում են գետնին», -պատմեց Լուսինե Հարոյանը։
Լուսինե Հարոյանը նշեց, որ հիմա երեխաներին նորից տանում են դիրքեր փորելու, կրակայինների, մարտական հերթափոխության։
«Ըստ ստորագրված պայմանագրի մի կետի՝ ռուսական զորքերի տեղակայմամանը զուգընթաց հայկական զորքը պետք է դուրս բերվի, բայց առայժմ ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ոչ Արցախի պաշտպանության բանակը որևէ հստակ պատասխան չեն տալիս մեզ ։Պատկերացրեք այդ երեխաների վիճակը։ Հաշվի առեք տարիքը՝ 18-ից 20 տարեկան, դպրոցը ավարտել գնացել են, 44 օր անցել են դժոխքի միջոց։ Այդ երեխաները տեսել են իրենց ընկերների մահը։ Ունեն թեթև վիրավորումներ, տարբեր տրավմաներ, ծանր հոգեվիճակ։ Գոնե հնարավոր է ինչ-որ տեխնիկա տրամադրել, որ այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա էլ չգնան բանվորություն անելու։ Որքանո՞վ է դա արդարացի», -ասաց Լուսինե Հարոյանը։