Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ
50 հոգու մասին խոսք կա, որոնք ցուցակագրվել են՝ ժամը 17։00-ին հանդիպելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։
Հարցին՝ արդյոք երեկվա հանդիպումը հուսադրո՞ղ էր, հարազատն ասաց. «Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի։ Այսինքն՝ կան պատասխաններ, որոնք այսօր պետք է տան։ Երեկ հարցեր ենք բարձրացրել, որոնց պատասխաններն այսօր պետք է լինեն»։
Անհետ կորածի հարազատի խոսքով՝ հաճախակի հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտություն չկա. «Կարելի է մեկ հանդիպում կազմակերպել՝ արդյունավետ, ոչ թե ամեն օր հանդիպումներ կազմակերպել, ուղղակի խոստումներ տալ»։
Հարազատներից մեկը պատմեց, որ իր որդին ծառայում է Ջեբրայիլում, շուրջ 40 օր է՝ լուր չունեն, տարբեր վայրերում փնտրել են, սակայն ապարդյուն. «40 օրից ավելի է երեխան չկա, գնացինք Ղարաբաղ, հիվանդանոցներ, էլ ուր ասես՝ գնացել ենք։ Ասում են՝ Ջեբրայիլ Կարմիր խաչին չեն թողնում մտնի, կրակում են, ես պատրաստ եմ գնալ, ես երեխեքի համար իմ կյանքը կտամ, արժեք չեմ գտնում իմ ապրելը։ 2000 ու 2001 թվականի երեխեքը չկան, էդ սերունդը լրիվ վարի տվեցին»։
Նշենք, որ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են։ Հարազատներն այսօր նախ հավաքվել էին ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ-խնդրանք էին գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը փոխանցեցին դեսպանատուն։
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատներից 25-ը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։