Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը
Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:
«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը՝ հակամարտության գոտում կրակի լիարժեք դադարեցման, մարտական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Արտաքին գործերի նախարարները նաեւ հայտնել են, որ հակված են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր մասնակիցների կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերադառնալուն:
Նախարարները նաեւ քննարկել են ընթացիկ ռուս-իրանական նախագծերը՝ շեշտադրելով առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ երկխոսությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: