Դիտարկում Օմարի լեռնանցքում. Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: