Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան
Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի իշխանությունից հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ես կուզենայի ձեզ բացատրել՝ ինչու ենք նրան դավաճան համարում կամ ինչ ենք մենք ուզում, քանի դեռ կա այդ փաստաթուղթը, որը որեւէ կերպ չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը։ Արդյոք մենք ի վիճակի՞ ենք փոխել այդ փաստաթուղթը, եւ եթե այո, արդյոք այդ իշխանություն դա կանի՞։ Ես կասեմ մահասարսուռ փաստեր։ Ես կրում եմ պատասխանատվություն ասածիս համար, այդ փաստերի նպատակն այն է, որ ցույց տանք՝ դա եղել է նախօրոք մտածված դավաճանություն։ Մենք պատմության մեջ չենք ունեցել ղեկավար, որ երկրի 25 տոկոսը հանձնի ու գնա»,- ասաց նա։
Բագրատյանը նշեց, թե ինչու Հայաստանը պատրաստ չէր պատերազմի. «Առաջինը՝ Հանրապետությունն արել է քաղաքական սխալ, սորոսականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գալով իշխանության փորձել են ապացուցել, որ իրենք կստեղծեն քաղաքական կոալիցիա, այդ կոալիցիան Արեւմուտքն էր։ Արեւմուտքն իր դեմքը ցույց տվեց, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիան դեմ քվեարկեց այն որոշմանը, որով այդ պատերազմը պետք է կանգնեցվեր։ Երեկ արդեն հրապարակվում են նյութեր, որ այդ ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Մեծ Բրիտանիայի հետախուզության պետի կողմից, որի լավագույն ընկերը Հայաստանում է։ Այսինքն՝ այս պրոցեսները սկսվել են դեռ 2018 թվականին՝ Արմեն Սարգսյանի գալով։ Այդ քաղաքական սխալների արդյունքում սկսեցինք աստիճանաբար վարկաբեկել ու վիրավորել Ռուսաստանի Դաշնությանը»։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ եթե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ռազմամթերք չտար պատերազմը 7 օրից կանգնելու էր հայկական կողմի լիակատար պարտությամբ. «Փորձը ցույց տվեց, որ ոչ ոք այս ընթացքում մեր թիկունքին չկանգնեց եւ եթե Ռուսաստանի Դաշնությունը մեզ ռազմամթերք չտար պատերազմը 7 օրից կանգնելու էր լիակատար պարտությամբ»։
Նախկին վարչապետն ասաց, որ պատերազմի այսպիսի արդյունքը նաեւ գեներալներին «նեղելն էր». «Սկսվեցին կռված զինվորական վերնախավին, կռված հին տղաներին, քաղաքական գործիչներին, որոնք 90-ականներին հաղթանակ էին արել, սկսեցին նրանց նեղել. ձերբակալություններ, Խաչատուրով, Օգանովսկի, Սեյրան Օհանյան»։
Հրանտ Բագրատյանը նշեց, որ դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմին ասվել է, որ հակառակորդը 5-րդ սերնդի զենքեր ունի. «2020 թվականի հունվարին 140 միլիոն դոլարով գնվում են 4 հատ ՍՈւ-30 ինքնաթիռ. ինչո՞ւ եք գրոհող ինքնաթիռներն առել, մենք ո՞ւմ վրա ենք գրոհելու, մեր վրա են գրոհելու, գալու են դրոններով, ինչո՞ւ չես պաշտպանվում. ինչ ա թե գնար, այդ ինքնաթիռներից մեկում նստեր եւ իրեն ցույց տար՝ տես, ինքնաթիռ է առել։ Այս պատերազմի ընթացքում մի ամբողջ գունդ էինք պահում, որ այդ ինքնաթիռները պաշտպանեն՝ չգան ոչնչացնեն։ Օպերատիվ ռազմական իրավիճակը ճակատում այնպիսին էր, որ լավ իմանալով դրոնների հանգամանքը, մենք պիտի զինվորին խորը մտցնեինք խրամատների մեջ։ Այդ ամենի ամբողջական պատասխանատվությունը կրում են ԳՇ 2 ներկայացուցիչները՝ Արտակ Դավթյանը եւ Օնիկ Գասպարյանը։ Ու հանկարծ խփում են Գյանջա քաղաքին, փոխանակ խփեն նավթամուղներին եւ գազամուղներին»։
Բագրատյանը ընդգծեց՝ մեր զինվորների 82 տոկոսը մահացել են բեկորներից. «Նրանց մեծ մասը թուրք չի տեսել, իրենց դրոնն է կրակել։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է, որ մենք դասալիք ենք, լավ չենք կռվում։ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, որն այս պատերազմում ցույց տվեց զրոյական հատկություններ, երեկ հայտարարում է, որ դա այդպես չէ, ասելով, որ մեր դեմ կար 5-րդ սերնդի զենք։ Տղա ջան, բա էս ընթացքում ինչո՞ւ էիր այս ընթացքում տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարների Օսա-ԱԿԱ առնում, որի արդյունավետությունը 30-40 տոկոս է։ Մեզ որ ասում էին՝ ծանր մարտեր են գնում հարավային ուղղությամբ։ Այդ ուղղությամբ սխալ ղեկավարման հետեւանքով առաջին բանկային կորպուսը մի քանի օրում լիովին ջախջախվել է. հարավային ուղղությամբ առանձին ինտենսիվ մարտեր չեն եղել։ Մեր զինվորին չեն տվել հնարավորություն կռվելու»։
Բագրատյանի խոսքով՝ այս փաստաթղթի հետ դեռ ինչ-որ բան կարելի է անել. «90 տոկոսով ռուս խաղաղապահները տեղակայվել են, բայց փաստաթղթի հետ ինչ-որ բան կարելի է անել։ Այդ բանը չի անելու Նիկոլ Փաշինյանը, նա այսօր ընկերացել Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Եթե չկա Քելբաջար, Ղարաբաղ չի կարող լինել։ Բանակցելու ժամանակ երբ քարտեզը գծվել է, հայ բանակցողը չի իմացել, որ Քելբաջարի շրջան կոչվածը դա Շահումյանի շրջանն է։ Բանակցողը չի իմանում քարտեզը, որ այդ քարտեզը ստորագրելու դեպքում տրվում է կապը Կապանի եւ Գորիսի միջեւ»։
Նախկին վարչապետն ասաց, որ երեկ արդեն Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարում են՝ թուրքական խաղաղապահներ պետք է տեղակայվեն եւ ցույց են տալիս փաստաթղթի իրենց տարբերակը. «Ռուսական կողմն ասում է՝ չէ, այդպիսի բան չկա, իսկ հայկական կողմը լռում է»։