Հայերենի կարգավիճակը եւ մեր արժանապատվությունը
Ասում են, թե ինչ որ ռուսաստանցի պաշտոնյա ասել է, որ եթե Հայաստանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ստանա, ապա հայ խոպանչիները Ռուսաստանում իրենց ավելի լավ կզգան:
Հիմա շատերը քննադատում են այդ ռուսաստանցի պաշտոնյային: Լավ են անում, որ քննադատում են, բայց խնդիրն այն է, որ շատ քչերն են մտածում, թե ինչու գործը հասավ նրան, որ նմանատիպ հայտարարություն հնչեց: Ի դեպ, նախկինում եւս նման ակնարկներ եղել են:
Վստահաբար պնդում ենք, որ ռուսաստանցի որեւէ պաշտոնյայի մտքով չէր անցնի նման ակնարկ անել, եթե մեր քաղաքացիները, մեր հայրենակիցներն իրենց արժանապատիվ պահեին, իսկ հայկական պետության ղեկի մոտ գտնվողներն էլ աչալուրջ լինեին:
Հավատացեք, երբ հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են հազարավոր դոլարի կաշառք տալով ռուսաստանյան քաղաքացիություն ձեռք բերեն, որ բանակ չգնան, որ բարձր կենսաթոշակ ստանան, երբ ատեստատներում եւ դիպլոմներում հայտնվեցին ռուսերենով նշումներ, ապա Ռուսաստանում սկսեցին մտածել, որ վերջապես հնարավոր է ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալ՝ լուծելով ռուս ազգայնամոլների դարավոր երազանքը:
Այնպես որ, ռուսներին մեղադրելու փոխարեն խնդիրը մեր մեջ փնտրեք: Նայեք ձեր շուրջը, տեսեք թե ձեր ընկերներից, ազգականներից, ծանոթներից եւ հարեւաններից քանիսն են ռուսաստանյան քաղաքացիություն ընդունել: Եւ վերջապես հիշեք, թե քանիսը դժգոհեց, երբ իր երեխայի դիպլոմում, ատեստատում տեսավ ռուսերենով գրառումներ:
Ահա այսպիսին է իրականությունը: Ի դեպ, մեզ դեռ նոր փորձություններ են սպասվում, քանի որ Հայաստանում ապրում են ռուսաստանյան քաղաքացիություն ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ: Ամեն ինչի պետք է պատրաստ լինել: Եւ եթե շարունակենք ապրել առանց ազգային եւ պետական արժանապատվության, ապա մի օր էլ մի ռուսաստանցի պաշտոնյա առաջարկելու է Մեսրոպ Մաշտոցի արձանի կողքին պարտադիր տեղադրել Կիրիլի եւ Մեֆոդիի հուշարձանը:
Top-News.am