Վրաստանի ԱԽ. Մենք թույլ չենք տա դեստրուկտիվ տարրերին ստվեր գցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր բարեկամության վրա
«Վրացական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած կերպ օգնելու իրավիճակի դեէսկալացմանը, այդ թվում` երկխոսության համար ընդունել հակամարտող կողմերի ներկայացուցիչներին Թբիլիսիում»,- ասված է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի` ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ:
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի հերթական ռազմական առճակատման եւ առկա իրավիճակի կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է այս հակամարտության հետեւանքով առաջացած ծանր իրավիճակը, որը, ցավոք, արդեն մարդկային զոհերի է հանգեցրել: Իրավիճակի սրումը լուրջ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային դերակատարներին ձեռնարկել բոլոր միջոցները` բռնությունը դադարեցնելու եւ երկխոսությունը վերսկսելու համար: Վրաստանը բարիդրացիական հարաբերություններով է կապված ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Մեր խնդիրն է պահպանել եւ ամրապնդել այդ հարաբերությունները: Վրաստանում մենք միշտ հպարտացել ենք վրացիների` տարբեր ազգությունների, այդ թվում` ադրբեջանցիների եւ հայերի հետ խաղաղ գոյակցությամբ, ինչը մեր ընդհանուր ձեռքբերումն է եւ զգույշ վերաբերմունք, համատեղ մեծ հոգատարություն է պահանջում:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա ճգնաժամային իրավիճակում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի որոշակի դեստրուկտիվ տարրեր ստվեր գցեն մեր բարեկամության եւ պատմական փորձի վրա Վրաստանի սահմաններից դուրս կամ դրա ներսում: Հաշվի առնելով այս ամենը` վրացական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած կերպ օգնելու իրավիճակի դեէսկալացմանը, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում երկխոսության համար: Երկար տարիներ վրացական կողմը լիովին կատարել եւ շարունակում է կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ գործառույթը կարեւոր գործոն է երկու երկրների տնտեսությունների գործունեության եւ զարգացման համար: Ինչը, բնականաբար, բխում է նաեւ Վրաստանի շահերից: Եվ այսօր Վրաստանի միջոցով քաղաքացիական ապրանքների սահուն եւ անվտանգ տարանցիկ փոխադրումն էր իրականացվում ցանկացած ուղղությամբ, այդ թվում` Ադրբեջան եւ Հայաստան: Փոխադրումների ինտենսիվությունը բարձր է, եւ այն չի փոխվել ռազմական բախման վերսկսումից հետո:
Հարկ է նշել, որ հակամարտության սրվելու պահից Վրաստանը որեւէ սահմանափակում չի դրել եւ չի դնի քաղաքացիական օդային բեռնափոխադրումների համար: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով վրացական կառավարությունը սրման սկզբից ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով ռազմական բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը երկու երկրներին` ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով: Այս մասին կողմերը տեղեկացվել են: Միեւնույն ժամանակ, վրացական կողմը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները` ցանկացած այլ միջազգային տարանցիկ փոխադրումների հետ կապված: Մեր ընդհանուր շահերից է բխում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական առճակատումը եւ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,- ասված է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: