Washingtom Examiner. Էրդողանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հիմնական խոչընդոտն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հիմնական խոչընդոտը: Էրդողանը հակամարտությունը սրում է` Ադրբեջանին զենք, զինյալներ եւ հետախուզական աջակցություն տրամադրելով, գրում է Washingtom Examiner-ը:
«Խնդիրն ավելի է լրջանում: Այն, ինչ սկսվեց անցած հանգստյան օրերին որպես վիճելի տարածքի շուրջ հակամարտություն, այժմ սպառնում է վերաճել համընդհանուր պատերազմի: Բազմաթիվ ռազմական թռիչքներ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, Թուրքիային ենթակա սիրիացի գրոհայիններ են տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողքին:
Չնայած Էրդողանը հայտարարում է, որ իր աջակցությունը Բաքվին պարզապես օգնություն է այդ ժողովրդին, իրականությունն այլ է եւ ավելի մռայլ: Ի վերջո, խոսքը Ադրբեջանին ինքնապաշտպանության հարցում օգնելու մասին չէ: Խոսքն Էրդողանի մասին է, ով փորձում է գերիշխել եւ վախեցնել ատելի հակառակորդին, միեւնույն ժամանակ զսպել նրա աճող ներքին պատմությունը ազգայնական ընդլայնողականության վերաբերյալ:
Ատելով Հայաստանին 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության ճանաչմանը հասնելու միջազգային փորձերի համար, Էրդողանը ցանկանում է ցույց տալ դրա ղեկավարներին, թե ով է տերը: Էրդողանը, այդքան ակտիվ աջակցելով Ադրբեջանին այս պայքարում, ցույց է տալիս ներքին ազգայնականներին, որ թուրքական հաշտության օրերն անցել են: Փոխարենը, Էրդողանը Թուրքիան վերածել է տարածաշրջանային տերության` արտաքին ագրեսիայի նոր հակվածությամբ:
Այն, որ միջազգային հանրության մեծ մասն այդ ագրեսիան դիտարկում է որպես ՆԱՏՕ-ից եւ արեւմտյան միջազգային կարգից Թուրքիայի դուրս գալու տագնապալի նշան, թուրք ազգայնականները գնահատում են որպես հասունացած երթ դեպի իրենց առաքելությունը: Եւ կրկին` Էրդողանի գործողությունների հիմքում ընկած ներքին դրդապատճառներն այստեղ չի կարելի թերագնահատել:
Տարածաշրջանի համար մարտահրավերն այն է, որ աճող ագրեսիայի այս քայլը տեղավորվում է ավելի լայն պատկերի մեջ:
Թուրքիան ներկայումս ներգրավված է Հունաստանի եւ Եգիպտոսի հետ ավելի ու ավելի կատաղի բախումների մեջ` Միջերկրական ծովի արեւելյան հատվածի նկատմամբ վերահսկման համար: Ռուսաստանի հետ Թուրքիայի բարդ հարաբերությունները նույնպես մշտական մտահոգություն են առաջացնում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Ռուսաստանը շատ ավելի կառուցողական դեր է խաղում, քան Թուրքիան` Ադրբեջանին եւ Հայաստանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձերում:
Քանի որ Թուրքիան շարժվում է այս վտանգավոր ճանապարհով, ԱՄՆ-ն ստիպված կլինի գնալով ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել: Անհնար է նայել, թե ինչպես Էրդողանը սրով կտրում հարաբերական եվրասիական խաղաղության հիմնական պայմանը: Եթե նա շարունակում է դա անել, նրան պետք է կանգնեցնել: Անհրաժեշտության դեպքում` ռազմական ուժի միջոցով»: