Զինված ապստամբության միջոցով իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է, սակայն լավագույն ուղին չէ
Զինված ապստամբության միջոցով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է, սակայն դա լավագույն ուղին չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ հուլիսի 17-ի դեպքերից իշխանությունն այդպես էլ դաս չքաղեց, ինչըլավագույնս արատահայտվեց ընտրությունների ժամանակ:
«Իշխանությունները մնացել են ավտորիտար ռեժիմի, երկրի ռեսուրսները փոշիացնելու անօրինականություններով իշխելու ճանապարհին: Դաս չեն քաղելու, մինչեւ չհեռանան իշխանությունից: Եթե դաս քաղեին, այդպիսի խայտառակ ընտրություններ չէին անցկացնի: Կա երկու ճանապարհ՝ կամ իշխանափոխոթյուն է լինելու եւ այս սոցիալ տնտեսական վիճակը բարելավվելու է, կամ էլ շարունակվելու է այն վատ սցենարը՝ արտագաղթը: Արդեն 400 հազար քաղաքացի լքել է Հայաստանը, սա շատ լուրջ խնդիր է ողջ երկրի համար՝ թե անվտանգության, թե տնտեսության զարգացման տեսանկյունից: Ակնհայտ է, որ իշխանությունը դաս չի քաղել, հասարակությունը պետք է փոխի իրավիճակը, պետք է պայքարի», -ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ զինված ապստամբության միջոցով երկրում իշխանափոխություն հնարավոր է իրականացնել, ինչպես եղել է աշխարհի այլ երկրներում, սակայն դա լավագույն տարբերակը չէ:
«Այսօրվա զարգացած Ֆրանսիայի հիմքը այդպես դրվեց: Ես միշտ ասել եմ, որ իրավիճակը պետք է տանենք քաղաքական լուծման, ոչ թե զինված բախումերի: Հասարակական ճնշման միջոցով քաղաքական փոփոխությունների պետք է գնանք: Հասարակական ճնշման պայմաններում հնարավոր է իշխնափոխություն, դա լավագույնն ճանապարհն է, բայց մնացած՝ զինված տարբերակներն էլ չեմ բացառում, որին, իհարկե, ես կողմ չեմ, դա լավագույն տարբերակը չէ: Ընդունելի տարբերակը քաղաքացիական անհնազանդության ճանապարհն է, հասարակական ճնշման ներքո փոփոխություններ անելը»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումից հետո Երեւանում սկիզբ առած բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից էր,իսկ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի դեպքերի շրջանակում երկու ամիս ազատազրկվեց: