«Մեր բանակը ունի բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր խնդիրները»
Այս թեմայով
- Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
- Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան
- Քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը
- Սերժ Սարգսյանը Բեռլինում ողջունել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին
«Կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ երեկ պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցելով «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
«Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև», - ասել է Սերժ Սարգսյանը:
Պարզաբանելով, թե ի՞նչ նկատի ուներ, երբ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում ասել էր, որ «մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով», նա շեշտել է. - «Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»:
«Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են և հիմա էլ կարող են դա պնդել: Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: