Թատրոնի շենքում գրախանութի եւ սրճարանի առկայությունը նորմալ է
Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում սրճարանի եւ գրադարանի բացումը չպետք է անհանգստության տեղիք տա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք շենքում ժամանցային կենտրոն կբացվի՝ նա ասաց, որ նման բան տեղի չի ունենա։ «Շենքում գործել են կազմակերպություններ, որոնք մշակույթի եւ արվեստի հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Այստեղ հուշանվերների խանութ եւ զբոսաշրջային գործակալություն է եղել։ Դրանից ելնելով՝ ծնվել է եվրոպական մակարդակի գրախանութ բացելու գաղափարը»,-հստակեցրեց տնօրենը՝ հավելելով, որ թատրոնի շենքում կլինի նաեւ սրճարան, որտեղ «այցելուները կկարողանան մեկ բաժակ սուրճով եւ կարկանդակների տեսքով աղանդերով ծանոթանալ գրախանութում առկա գրքերին»։ Դավթյանը նաեւ նշեց, որ սրճարանն ապագայում ալկոհոլային ըմպելիքներ չի իրացնի։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք սրճարանում բարձր երաժշտություն կհնչի, որը կխանգարի թատրոնի հիմնական գործունեությանը՝ ինչպես Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի պարագայում՝ «Օպերա» ակումբի գործունեության հետ կապված, դրամատիկական թատրոնի տնօրենը վստահեցրեց. «Սրճարանում առհասաարկ երաժշտություն չի հնչի, քանի որ այն նախատեսված է խորասուզված ընթերցանության համար»։ Այստեղ նա մի փոքր այլ տեսակետ հայտնեց, քան մի քանի օր առաջ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Ֆրեդերիկ Դավթյանը հստակեցրեց, որ տվյալ հարցի շուրջ բանակցությունները սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին (Արմեն Ամիրյանի՝ մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո-խմբ )։ Արդյունքում տվյալ ծրագրի իրացման մրցույթում հաղթեց «Զանգակ» հրատարակչությունը, որը պատրաստ է ավելի քան 80 մլն դրամ ներդնել։ Բացի այդ, հրատարակչությունը թատրոնին վարձակալության համար կվճարի, որը, ըստ տնօրենի «զգալի գումար է»։
Իսկ թե ինչպես են տվյալ նորությանը վերաբերվում հենց դերասանները, ղեկավարն ասաց, որ թատերական խումբը լուրն ըմբռնումով ընդունեց։ Նկատելով, որ շենքը թատերական հաստատության սեփականությունը չէ՝ Ֆրեդերիկ Դավթյանը հստակեցրեց հարցի իրավական կողմը։ «Թատրոնը մեկ տարով իրավունք ունի որոշ սրահներ վարձակալությամբ հանձնել։ Բնականաբար, դա տեղի է ունենում պետական գույքի կոմիտեի եւ մշակույթի նախարարության թույլտվությամբ։ Տարիներ շարունակ թատրոնը ստիպված է եղել շատ սրահներ վարձակալությամբ հանձնել՝ եկամուտ ստանալու համար։ Իսկ դրանցից ստացված միջոցները ծախսվել են բեմականցումների վրա»։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը օրեր առաջ լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի շենքում մեծ ժամանցային կենտրոն եւ գրախանութ կբացվի։