Ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երևանում՝ Ձեր որդին ծառայել է Երևանում, իսկ մյուսը ծառայում է արտոնյալ պայմաններում և դիրքեր չի բարձրանում. (տեսանյութ)
Դուք և Ձեր որդիները ապրում եք Երևանում, բայց Ձեր որդիներից մեկն իր ժամկետային զինծառայությունն անցկացրել է Երևանում, մյուս որդին, ինձ հասած տեղեկություններով, այս պահին ծառայում է արտոնյալ պայմաններում և դիրքեր չի բարձրանում, Դուք ինքներդ էլ Մեղրիում եք ծառայել, ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երևանում՝ Ձեր որդին ծառայել է Երևանում. այս մասին ԱԺ նիստին ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ իր ավագ որդին զինվորական ծառայությունն անցկացրել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում, երկրորդ որդին ներկայումս գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ:
«Ժամկետային զինվորական ծառայությունն անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում և ասեմ նաև, որ ծառայությունն իրականացնում է նույն մեթոդներով ու սկզբունքներով ինչ բոլոր զինվորները: Ներկա պահին ամիս ու կես է՝ իմ որդին գտնվում է դիրքերում, այնպես որ, այն տեղեկատվությունը, որը Դուք ունեք, իրականությանը չի համապատասխանում: Իսկ թե ինչու է Իքս կամ Իգրեկ պարագայում ՊՆ որոշմամբ զինվորը հայտնվել Իքս կամ Իգրեկ զորամասում, ես չեմ, որ դրա լուծումը կամ այդ հարցի պատասխանը պետք է տամ, ես որևէ միջոց այդ ուղղությամբ չեմ ձեռնարկել»,- հայտարարեց նա:
Թագուհի Թովմասյանն արձագանքի ժամանակ նշեց, որ կցանկանար, որպեսզի ՍԴ դատավորի թեկնածուն նախկին օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ պարզաբանում մտցներ: «Ժամանակին գործել է մի սխեմա, որ Արման Մկրտումյանի և Ձեր գլխավորությամբ բոլոր անցանկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել Ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունը դատավորներին պատժելու»,- նախկին օմբուդսմենի զեկույցը մեջբերեց պատգամավորը:
Ի պատասխան Խունդկարյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ իր մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելը և նրա բնորոշմամբ չենթարկվող դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելը ինքը պաշտոնապես հերքում է: «Այդպիսի որևէ գործողություն իմ կողմից ո՛չ կատարվել է, ո՛չ էլ կարող էր կատարվել և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել և երբևէ թե՛ գրավոր, թե՛ բանավոր որևէ նախաձեռնություն էլ չի իրականացվել իմ կողմից»,- հայտարարեց նա: