Լեւոն Մկրտչյանի պատասխանը թույլիկ է եւ խիստ մտահոգիչ
ՀՀ բոլոր դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տրամադրում են հայերենով եւ ռուսերենով՝ հատուկ նպատակով. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։
Իսկ թե ինչու է ռուսերենի առկայությունն անհրաժեշտ՝ նախարարը մեկնաբանում է.
«Մենք գիտենք, որ երեխաների մի զգալի մաս ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սա արվում է, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել»:
Լեւոն Մկրտչյանի պատասխանը թույլ է եւ որեւէ քննադատության չի դիմանում: Առաջին, կառավարությունը, կոնկրետ նախարարությունը չպետք է զբաղվի արտագաղթի խթանմամբ: Երկրորդ, եթե բարի նպատակներով տպագրվում է նաեւ ռուսերեն, ապա պետք է տպագրվի նաեւ անգլերենով, գերմաներենով կամ պարսկերենով:
Եւ վերջապես երրորդ, նախարարության եւ կառավարության հոգսը չէ, թե ինչպես են արտագաղթողները կամ ժամանակավոր աշխատանքի մեկնողները թարգմանելու իրենց այս կամ այն փաստաթուղթը: Նույն տրամաբանությամբ, կարելի է նաեւ ատեստատը համարել Ռուսաստան մեկնելու ավտոբուսի 15 հազարանոց տոմս:
Կարծում ենք, ժամանակն է, որ նախարարությունը, կառավարությունն ընդունի իր սխալը եւ վերացնի աղաղակող բացթողումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Top-News.am-ը «ՀՀ ԿԳ նախարարությունը ռուսերենին պետական կարգավիճակ է տվել» վերնագրով նյութում անդրադարձել էր այն փաստին, որ անհասկանալի պատճառով անկախ Հայաստանում ատեստատները տպագրվում են նաեւ ռուսերենով:
Top-News.am