Կառավարությունը ծնկի է գալու իր իսկ կողմից ստեղծած խնդիրների պատճառով
Գրեթե ամեն օր ՀՀ կառավարոեւթյան շենքի առջեւ բողոքի գործողություններ են, գրեթե ամեն օր այս կամ այն նախարարության, գերատեսչության մոտ ակցիաներ են, պարբերաբար շրջափակվում են դատարաններ, գրասենյակներ, փակվում ճանապարհներ: Ցուցարարները, բողոքի գործողության մասնակիցները դեռ հոծ խմբերով չեն, բայց գնալով իրավիճակն ավելի ու ավելի է լարվում:
Այս ամենը կառավարության, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի որոշումներ չկայացնելու կամ անհեթեթ որոշումներ կայացնելու հետեւանքն է:
Ամուլսարում իրավիճակն այնպիսին է, որ ամեն պահի կարող են արյունալի բախումներ լինել, դպրոցներում դասերը վերսկսելու ուղեցույցներն ու դպրոցներին իջեցված հրահանգներն այնպիսին են, որ շուտով փողոց են դուրս գալու ուսուցիչներն ու նրանց աշակերտները: Հուսահատությունից իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են հագուստ ներկրողներն ու վաճառողները, աղաղակում են այգեգործներն ու սննդի արդյունաբերության ոլորտում աշխատողները, ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվողները:
Իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են նրանք, ովքեր մշտապես բնակվում են Ռուսաստանում, բայց չունեն ՌԴ քաղաքացիություն ու հիմա չեն կարողանում Հայաստանից մեկնել Ռուսաստան: Բողոքի գործողություններ են կազմակերպում վարկային բեռի տակ կքված քաղաքացիները:
Աստիճանաբար սկսում են իրենց բողոքն արտահայտել նրանք, ում հարազատները վերջին կես տարում մահացել են հիվանդանոցում՝ կորոնավիրուս ախտորոշմամբ:
Բողոքում են հանրության գրեթե բոլոր շերտերը, իսկ Փաշինյանը հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է, եւ որ հդմ-ների թիվն ու ավելացած աշխատատեղերի քանակն էլ վկայում է այդ մասին: Ավելին, պարզվում է նաեւ այս ընթացքում նույնիսկ մարդկանց եկամուտներն են աճել:
Եւ իրականությունը չնկատելու համառ ցանկությունն ու որոշումներ չկայացնելու կամ ժողովրդի շահերից չբխող որոշումների ծանրությունից էլ ծնկի է գալու Փաշինյանն ու իր թիմը: Սա արդեն ակնհայտ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am