Դատարան շրջափակելը սովորել են Նիկոլ Փաշինյանից
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, վարդենիսցիները փակել են, բայց այս անգամ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, այլ սեփական նախաձեռնությամբ, պահանջելով ազատ արձակել շուրջ 4 տարի առաջ Սոթքի ոսկու հանքավայրում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վահագն Մանուկյանին։
Ամբաստանյալի կինը՝ Դիանա Խաչատրյանը, հայտարարել է, թե իր ամուսինը այդ քրեական գործի հետ որեւէ առնչություն չի ունեցել. նա միայն այդ տարածքում է եղել։
Հիմա չանդրադառնանք, թե որն է դատարանը շրջափակողների պահանջը, այլ կանգ առնենք բուն գործողության վրա: Կառավարող ուժի, Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ մարդիկ մտածում են, որ կարող են դատարաններ շրջափակելով ճնշում գործադրել դատարանի վրա։
Եւ հիմա մենք իրավունք չունենք դատապարտել դատարանը շրջափակողներին: Նրանք դրա բարոյական իրավունքն ունեն: Ավելին, ոստիկաններն էլ ոչ թե պետք է ջանքեր գործադրեն բացել դատարան տանող ճանապարհները, այլ ինչպես 2019-ի մայիսին՝ ամեն կերպ աջակցեն դատարանը շրջափակողներին:
Ինչպես ասում են, ինչ ցանես, այն էլ կհնձես: Եթե դու ռադիոտան դուռն ես ջարդում, ապա մի օր էլ ինչ-որ մեկը ջարդելու է քաղաքապետարանի դուռը, եթե մետրոպոլիտենի աշխատանքն ես խափանում, ապա գտնվելու է մեկը, որ փակելու է միջպետական ճանապարհը, եւ վերջապես, եթե դատարան ես շրջափակում, ապա այդպես կարող է վարվել ՀՀ ցանկացած քաղաքացի՝ իրեն անհրաժեշտ ցանկացած պահին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am