Նիկոլ Փաշինյանը լռում է, իսկ բախումները շարունակվում են
Ամուլսարում կրկին բախումներ են եղել: Բնապահպանները պնդում է, որ գիշերը պահնորդները հարձակվել են իրենց վրա եւ դաժան ծեծի ենթարկել, միաժամանակ նաեւ տեսանյութ են հրապարակել, իսկ «Լիդիանը» հայտարարում է, որ բնապահպաններն են քարերով հարձակվել պահնորդների վրա:
Հիշո՞ւմ եք, երբ Ամուլսարում կրքերը կրկին լարվել էին, բնապահպաններից մեկը ներկայացնելով վիճակը հայտարարեց, որ իրավիճակն այնպիսին է, որ կամ իրենք են արյուն թափելու կամ իրենց արյունն է թափելու, ակնարկելով, թե իրավիճակը լարված է, բացի այդ կան նաեւ սադրիչներ:
Անշուշտ, ոստիկանությունը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորները, պատժի նրանց օրենքի սահմաններում, բայց դա հարցի լուծում չէ: Իրավիճակը Ամուլսարում գնալով թեժանալու է: Որքան ձգվում է հարցի լուծումը, այնքան լարվում են երկու կողմերի նյարդերը: Իսկ այս ամենը Նիկոլ Փաշինյանի, կառավարության անգործության հետեւանքն է: Կառավարությունը չի կատարում, հրաժարվում է կատարել իր գործառույթը եւ որոշում կայացնել:
Պատահական չէ, որ գնալով գերիշխող է դառնում այն կարծիքը, թե Փաշինյանը սպասում է, թե կողմերից որ մեկը առավելության կհասնի, որ նրանց օգտին որոշում կայացնի, իսկ կառավարության դերը, գործառույթը բոլորովին այլ է: Կառավարությունը վաղուց պետք է հստակ եւ Հայաստանի շահերից բխող որոշում կայացներ:
Տնտեսական մեկնաբանների հետ իր զրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով Ամուլսարի խնդրին ընդգծեց, որ ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հանքային արդյունաբերության զարգացման հարց է, այլեւ պետական կառավարման համակարգի ձախողման վկայություն:
Որքան շարունակվի կառավարության լռությունը, այնքան իրավիճակը լարվելու է: Եթե հիմա միմյանց պարզապես ծեծում են կամ քարերով խփում, տնակներ հանում եւ տեղադրում, ապա հերթական բախումը կարող է ողբերգական ավարտ ունենալ:
Կառավարության լռությունը, անգործությունը, որոշում չկայացնելու անընդունակությունը ոչ միայն պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում Ամուլսարում, այլ նաեւ հարվածում Հայաստանի հեղինակությանը, միջազգային վարկանիշին: Ընդամենը պետք է որոշում կայացնել, ինչը այս կառավարությունը համառորեն չի անում:
Ջերմուկի հարեւանությամբ, դեպի Սեւանա լիճ հոսող ջրերի հարեւանությամբ անթույլատրելի է բաց հանքի շահագործումը, հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը: Սա այնքան պարզ է, որ ենթակա չէ անգամ քննարկման: Եւ դժվար էչհամաձայնվել Ռոբերտ Քոչարյանի հետ, որը շեշտեց, թե ի վերջո, աշխատավարձերը որոշումներ կայացնելու համար են ստանում, եւ որ ղեկավարի գործը որոշում կայացնելն է։
Որքան ուշանա այդ որոշումը, այնքան կմեծանա նոր, ավելի դաժան բախումների վտանգը, այնքան ավելի կնազի Հայաստանի միջազգային վարկանիշը:
Top-News.am