Այսօրվա իշխանությունները եթե Բլեյանի կրթարանով անցած լինեին...
Այսօրվա իշխանությունները եթե Բլեյանի կրթարանով անցած լինեին, մենք ուրիշ հեղափոխություն, ուրիշ մտածողության ու արժեքների Հայաստան կունենայինք։ Իսկ այդ բարձրաստիճան երեւելինեռրից ոմանք, ովքեր իրենց երեխային ներկայումս այդ դպրոցն են ուղարկում սովորելու, երեւի էլի չեն գիտակցել, թե ոգու ինչ ահեղ ծփանքով, ստեղծարար մտքի ինչ թռիչքներով, անչափելի սիրո ինչ ահռելի պարունակով է ստեղծվել այդ վարժարանը։
Ոչինչ չստեղծած մարդիկ են ելել սրարշավի։
Անպտուղ փառասիրության, կույր վատնումների այս նենգ ցունամին ահա երեսուն տարի մոլեգնում է երկրում՝ ջնջելով ու ոչնչացնելով ամեն մի բարենշան առաջադիմություն, սիրո դժվար ծնունդ ու բարեփառ նորոգություն։
Այսպես որքան կարող ենք փախչել մեր բնազդից, մեր արյունից ու մեր ճակատագրից։
Ո՜վ է զսպելու այս կույր վատնիչների, ցուցակով երկրին պատուհասված նսեմ ուղեղների, անուսում ամբարտավանների մերօրյա անկանգ վարգը․․․
***
Երեկ Հ1-ով, կրթության փոխնախարար, Պետրոս Ղազարյանի կինը, ցավոք անունը չեմ հիշում, պատճառաբանում է, թե ինչու Մխիթար Սեբաստիացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ ԲԼԵՅԱՆԸ պիտի թողնի պաշտոնը։
- Արտոնյալներ չպիտի լինեն կրթության համակարգում, օրենքը բոլորի համար է,- հայրենիքին դարերի վաստակ նվիրածի մեծամտությամբ ասում էր տիկինը, ով դեռ չի հասցրել կոպեկի օգուտ տալ երկրին։
Այսինքն՝ գռեհիկ հավասարեցման ուղին է բռնել կրթության նախարարությունը, այսինքն՝ Թաչարող գյուղի 11 աշակերտ ունեցող դպրոցի տնօրրենի ու այս պահին միայն 11 առաջին դասարան ունեցող կրթահամալիրի տնօրենի հանդեպ նույն օրենքն է՞ կիրառվելու։
Բա էդքան պարգեւավճարը, որ դուք եք ստանում, հավասա՞ր եք բաժանում, նախարարն ու պահակը նույն փո՞ղն են ստանում։ Հաշվի են առնում, չէ՞, որ պահակն օրվա կեսը հորանջում է, իսկ նախարարը վառվում քրքրվում է աշխատելով։ Ուրեմն ինքն առավել է, քան պահակը․․․Բայց օրենքը բոլորի համար է, ինչու՞ եք բռնաբարում այս դեպքում օրենքը՝ հօգուտ վառվող, մոխրացոող կրթության եւ այլն նախարարների․․․
Օրերս Վարչապետը պարգեւներ բաժանեց ռազմական բնագավառում հաջողությունների հասած ծառայողներին։ Բոլորին նույն պարգե՞ւը տվեց։
Իհարկե՝ չէ։
Ով ավելի մեծ ծառայություն ուներ, նրան ավելի բարձր պարգեւ տվեց, քան պակաս հերոսություն կատարածներին։
Լավ ու վատ արեց, ջոկեց, բոլորին չհավասարեցրեց մի սանդղակով։
Էսքան երկար գրում եմ հատուկ թանձրամիտների համար։ Պետրոսի տիկին, քեզ ով է իրավունք տվել ԲԼԵՅԱՆԻ գործը նախ ԿՇՌԵԼ, հետո ՈՐՈՇԵԼ։ Ու հավասարության նշան դնել։
Բլեյանը բացի կրթություն տալուց, ՀԱՅ է դաստիարակում, ՔԱՂԱՔԱՑԻ է դաստիարակում, աշխարհի առաջադիմության բոլոր սանդղակները բարձրանալու ՄԵԾ ԴԱՍԵՐ ու հնարավորություն է տալիս, որը հասու չէ հեղափոխության քամուց քշված ու այդ աթոռին պատահական հայտնված որոշների համար։
Ճիշտ կլիներ, նախարարության շատ աշխատողների՝ այդ տիկնոջից սկսած, գործուղեին կրթահամալիր՝ կրթություն ստանալու։ Գուցե Թաչարոխի 11 հոգանոց դպրոցի ու Բլեյանի՝ միայն 11 առաջին դասարան ունեցող կրթահամալիրի տարբերությունը միգուցե հասկանալի կլիներ․․․
Շուշան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից