ԵԽ անդամներ․ ԵՄ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ քաղաքական փոխգործակցությունը
Հայաստանի եվրոպական բարեկամներն ու Եվրախորհրդարանի անդամներ Ֆրենկ Էնգելը, Ջոսու Խուարիստին, Պիտեր Նիդերմուլլերը, Յարոմիր Շտետինան, Յոսեփ Մարիա Տերիկաբրաստը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Ղարաբաղում շփման գծում հակամարտության վերջին էսկալացիայի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին էսկալացիայի հետեւանքով նորից խաղաղ բնակիչներ են զոհվել։
«Զախրա Գուլիեւան ու նրա տատիկը՝ Սախիբան, Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի բազմակի խախտումների ու սեփական բնակչությունը վտանգելով՝ քաղաքացիական բնակչության կետերին չափից մոտ գտնվող դիրքերից (ինչ ինքնին ռազմական հանցագործություն է, ու դատապարտվում է Ժնեւյան հռչակագրով) Լեռնային Ղարաբաղը գնդակոծելու նրանց սովորության վերջին զոհերն են»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ երկու անունները համալրել են քաղաքացիական անձանց ու զինվորների , հայերի ու ադրբեջանցիների երկար ցուցակը, որոնք առավելագույն գին են վճարել միջազգային համայնքի անտարբերության ու Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումները կանխելու՝ նրա անկարողության համար։
Անցած տարվա պատերազմից ու ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընդլայնելու մասին պայմանավորվածությունների իրագործումից՝ նախագահ Ալիեւի հրաժարվելուց հետո Ադրբեջանը ոչ միայն ակտիվացրել է իր հակահայկական հռետորաբանությունն ու Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ռազմական սպառնալիքները, այլեւ էսկալացիայի է դիմել։ «Սա Բաքվի պատասխանն է աճող արտաքին ճնշումին, որը առաջացել է երկրում մարդու իրավունքների ու լրատվամիջոցների ազատությունների ոլորտում իրավիճակի վատացման, նաեւ ահաբեկչական կազմակերպությունների համար զենքի առեւտրին Ադրբեջանի մասնակցության մասին վերջերս հնչած մեղադրանքների հետեւանքով»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Հեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով ու տեղի բնակչության ինքնորոշման իրավունքի համաձայն, քանի որ «դա միակ միջոցն է դադարեցնել պահանջել երկու կողմերից քաղաքացիական անձանց ու երիտասարդ զորակոչիկների կյանքերը»։
Լեռնային Ղարաբաղում հետագա էսկալացիան կարող է հանգեցնել ավելի մեծ լարվածության ամբողջ տարածաշրջանում ու սադրել եւս մեկ հումանիտար ճգնաժամ՝ ԵՄ-ի հարեւանությամբ։ «Այդ պատճառով էլ մենք ԵՄ-ին կոչ ենք անում ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը ու դադարեցնելով Ադրբեջանի հետ քաղաքական փոխգործակցությունը քանի դեռ Բաքուն չդադարեցնի հրադադարի խախտումները ու չպահպանի մարդու իրավունքները ու բարիդրացիական հարաբերությունների չհարթի»,- ամփոփում են հեղինակները։