Մեր իշխանությունները ժողովրդի հետ շատ ազնիվ են
«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:
Այս մասին օրեր առաջ ասել է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տեղեկատվություն տրամադրող օպերատորներից մեկը:
Թանկացման որոշման մասին տեղեկանում ենք նաեւ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրություն ուղարկելիս բաժանորդներից որպես ավտոկայանատեղի վճար գանձվելու է 149 դրամ գումար, որից 100 դրամն ավտոկայանատեղի վճարն է լինելու, իսկ 24.8 դրամը միջնորդավճարն է, 24.2 դրամն՝ ԱԱՀ-ն»:
Բացի ժամավճարից, «Փարկինգ սիթի սերվիս»-ը գրեթե 50 տոկոսով՝ 248 դրամով, թանկացնում է նաեւ ավտոկայանատեղիի օրական վճարը: Նախկին 500 դրամի փոխարեն օգոստոսի մեկից գանձվելու է 748 դրամ:
Բնականաբար, շատերը վրդովվել են, բարկացել, զայրացել, բայց հաստատ անգամ երեք հոգի դուրս չի գա փողոց եւ բողոքի գործողություն կազմակերպի: Եւ վերջին հաշվով, ինչու դուրս գան, չէ՞ որ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեր հայրենակիցներից շատերը տասը հազար դրամով իրենց ձայնը վաճառեցին իշխանություններին, իսկ դա նշանակում է, որ նրանք իրավունք չունեն բողոքելու եւ կարծիք հայտնելու:
Համաձայնեք, իշխանությունները շատ ազնիվ են այս ժողովրդի հետ: Նրանք գնեցին ձայները, իսկ հիմա պետք է վերադարձնեն այդ գումարները, եւ ավելին, անելու են այն, ինչ ցանկանում են, իսկ կաշառվածները որեւէ բարոյական իրավունք չունեն անգամ տանը՝ կնոջ փեշի տակ մտած բողոքելու:
Եւ հիմա ի՞նչ ասես Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներին, որոնք այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման եւ խմելու ջրի հարցերը:
Ո՞ւմից են պահանջում: Նրանցի՞ց, ովքեր ապրիլի 2-ին գնել են աստղաձորցիների ձայները: Համաձայնեք, որ աստղաձորցիների պահվածքը, մեղմ ասած, անհասկանալի է: Մեր աղբյուրները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ աղբյուրներ վկայում են, որ ապրիլի 2-ին աստղաձորցիները մեծ ակտիվությամբ քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, քվեարկել են, նախապես ստանալով նյութական աջակցություն, այլ կերպ ասած՝ ընտրակաշառք:
Հիմա ինչո՞ւ ավտոկայանատեղիի վճարը չպետք է թանկանա, ինչո՞ւ պետք է լուծվի աստղաձորցիների խմելու կամ ոռոգման ջրի հարցերը: Ամեն ինչ տրամաբանական է եւ իշխանություններն էլ, մեր մեջ ասած, բավական ազնիվ են:
Top-News.am