Արդարադատությունը ծաղրելու մեխանիկան
Բավական էր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեր արձակուրդ գնալու մասին, որ մեղադրող եւ տուժող կողմի ներկայացուցիչները սկսեն աղմկել, հայտարարել, թե պաշտպանական կողմը միտումնավոր ժամանակ է ձգում: Ամենաշատն, իհարկե, աղմկում էր տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որը զբաղված է արդարադատությունը ծաղրի ենթարկելու գործով եւ մանիպուլիացիաներով:
Տիգրան Եգորյանի համար վաղուց արդեն սովորական է ծաղրել արդարադատությունը, փորձել հասնել նրան, որ իրականությունը մարդիկ տեսնեն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Գործը հասավ նրան, որ Եգորյանն աղաղակում էր, թե անհրաժեշտ է հեռացնել այս պաշտպաններին եւ հասարակական պաշտպաններ ներգրավել: Հանուն արդարադատության բղավող մեղադրող եւ տուժող կողմի ներկայացուցիչները լուռ էին եւ հիմա էլ լուռ են, երբ ապօրինաբար կալանք է դրված Արմեն Գեւորգյանի գույքի վրա, երբ նրա տեղաշարժի իրավունքները սահմանափակված են:
Եգորյանը եւ մյուսները ծպտուն չէին հանում, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը երկար, շատ երկար արձակուրդի մեջ էր: Իսկ Եգորյանը եւ մյուսները կուրծք ծեծելով արդարությունից եւ արդարադատությունից են խոսում:
Երբ ապօրինաբար Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ, երբ դատարանն անդադար հետաձգում էր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստերը մեղադրող կողմը լռում էր, համեստ էր նաեւ Տիգրան Եգորյանը եւ կրկին չէր դժգոհում:
Եգորյանը եւ իր թիմակիցները ոչ միայն իրենց գործողություններով, հայտարարություններով ծաղրում են արդարադատությունը, այլեւ բռնաբարում են այն եւ փորձում սպանել:
Պաշտպանի արձակուրդ գնալը զայրացնում է «արդարության մարտիկներին», բայց նրանք չեն տեսնում, որ մի ամբողջ համակարգի դե ֆակտո արձակուրդ լինելու պատճառով ձախողվեց կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, որի հետեւանքով արդեն ավելի քան հազար մարդ է մահացել:
Անդուր է, տգեղ է, երբ արդարության դիմակ են կրում, բայց ամեն ինչ անում են երկրում արդարութունն ու արդարադատությունը վերացնելու համար:
Հակոբ Ասատրյան
Top-News.am