Դուք ի՞նչ եք կարծում, 2008-ի մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք. Յուրի Խաչատուրով (տեսանյութ)
«Մտածում եք՝ 2008թ-ի մարտի 2-ին հանգիստ քնած ենք եղել, մենք շատ էինք անհանգստանում»: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՝ անդրադառնալով իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը՝ գործի նյութերն իրեն հասանելի լեզվով ներկայացնելու վերաբերյալ: Յուրի Խաչատուրովի խոսքով՝ դատարանն իր նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք, ինչի մասին խոսում են նաև դատարանի որոշումները:
«Որպեսզի մենք պայմանավորվեինք սահմանադրական կարգը տապալելու համար, նախ ես պետք է հանդիպեի նախագահին, իսկ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 23-ից հետո չեմ հանդիպել ու մեր հանդիպումը տեղի է ունեցել միայն այս դատական նիստի շրջանակներում։ Հնչեցին խոսքեր, թե մարդկային կյանքը թանկ է ու կարևոր, իսկ դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները», - ասաց Խաչատուրովը։
Նա ընդգծեց, որ փաստթղթերը պիտի թարգմանված տրամադրվեն, որպեսզի կարողանա հիշել, թե ինչ է տեղի ունեցել և ըստ դրա՝ կարողանա պաշտպանվել: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով ՝ քանի դեռ Յուրի Խաչատուրովը իրեն հասանելի լեզվով չի ծանոթացել առաջադրված մեղադրանքին, նա չի կարող արտահայտել իր դիրքորոշումը:
«Իր վարքագծով հետաքննությունն արդեն իսկ Խաչատուրովին զրկել է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն, խախտվել է Յուրի Խաչատուրովի՝ արդար դատաքննության և պաշտպանության իրավունքը»,-նշեց պաշտպանը:
Նշենք՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը` հայտարարելով, որ քննությունը պարտավոր չէ ամբողջությամբ տրամադրել գործի թարգմանությունը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: Գործով մեղադրյալ է նաև ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: