Ինչպիսին պետք է լինի պատմության դասագիրքն ըստ Նիկոլ Փաշինյանի
Ներկայացնում ենք հատվածներ այն պատմության դասագրքից, որը լինելու է համաձայն ներկայացված չափորոշիչների եւ ԱԾՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններից:
«Առաջին հանրապետության անկման պատճառները թաքնված են նրա առաջնորդների գործողություններում: Չունենալով հակառակորդներին, գործարարներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու Նիկոլ Փաշինյանի հմտությունը, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործեր կարելու նրա տաղանդը, դաշնակցական առաջնորդները մատնվեցին ձախողման»:
«Ալեքսանդր Մյասնիկյանը երկիրը ոտքի կանգնեցրեց ընտրելով կասկածելի եւ հարցեր առաջացնող ճանապարհ: Ծախսելով հսկայական միջոցներ, նա Հայաստան հրավիրեց բազմաթիվ ճարտարապետների, արվեստի գործիչների, գիտնականների, որոնց թվում եւ Ալեքսանդր Թամանյանին, հենց որը սկիզբ դրեց Հյուսիսային պողոտայի կառուցմանը: Փոխանակ շարունակելու Ավիսի եւ Նուրիջանյանի ճիշտ քաղաքականությունը, փոխանակ հատ առ հատ երկիրը մաքրելու դաշնակցական մաուզերիստներից, նա դեռ մի բան էլ երկիրը լցրեց նրանցով: Մյասնիկյանը չուներ երկիրը ճիշտ ղեկավարելու, ժողովրդի թշնամիների դեմ, հակահեղափոխականների դեմ մարտավարական ճիշտ պայքար մղելու Նիկոլ Փաշինյանի տաղանդը»:
«Անկասկած, 1988-ին սկսված Արցախյան շարժումը հաջողություն չէր ունենա, եթե 13-ամյա Փաշինյանը չկանգներ առաջին դիրքերում եւ ակտիվորեն չմասնակցեր այդ շարժմանը: Նրա ելույթները, նրա թեզիսները օգտագործելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամները կարողացան շարժումը հասցնել հաղթական ավարտի»:
«Նիկոլ Փաշինյանի հմուտ զորավարական տաղանդը նպաստեց, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ փայլուն հաղթանակներ արձանագրի եւ ազատագրի մի շարք շրջաններ: Ժամանակին դեռ Վահագն Հավակիմյանը մատնանշել է, որ առանց «մարշալի» զորավարական տաղանդի, որը նա ժառանգել է Տիգրան Մեծից, Հովհաննես Բաղրամյանից, հայ զինվորականները, հազիվ թե, կարողանային քիչ թե շատ նշանակալից հաջողությունների հասնել»:
«Դժվար է ասել, թե ինչ արդյունք կարձանագրվեր 1991թ. Անկախության հանրաքվեի ժամանակ, եթե ժամանակին 16-ամյա Փաշինյանը կոչ չաներ քվեարկել հանուն Հայաստանի անկախության»:
«2008թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը բոլոր կողմերին զսպվածության կոչ էր անում»:
«Ճիշտ ժամանակին իր ջոկատը հավաքեց եւ մարտական գոտի մեկնեց Նիկոլ Փաշինյանը, այդ կերպ մեծապես ազդելով 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ելքի վրա: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն իր քաջերով սահման հասավ միայն մայիսին, ռազմական գործողությունների ավարտից քառասուն օր անց, բայց միայն այն, որ հակառակ կողմում տեղեկացան, որ առաջնորդը ջոկատ է հավաքում սահման հասնելու համար, նրանց ստիպեց խուճապահար նահանջել եւ խաղաղություն մուրալ»:
«Իրավիճակը երկրում այնպես էր, ինչպես մի անգամ բնութագրեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը. «Մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան՝ հասկանում ենք Քաղաքացիական պայմանագիր, իսկ երբ ասում ենք Քաղաքացիական պայմանագիր, հասկանում ենք Նիկոլ Փաշինյան»: Նիկոլ Փաշինյանն էլ դիպուկ նկատել էր, թե նախարարն ով է, որ վարչապետից տարբերվող կարծիք ունենա»:
«2020թ. հուլիսի 12-ին Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին ընթացած մարտական գործողությունները, որի ժամանակ ադրբեջանական կողմը ծանր պարտություն է կրել, ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»:
Top-News.am_ի
հումորի եւ տամաբանասիրության բաժին