Ռազմավարությունը պետք է փոխվի. Չենք կարող բժիշկների հաշվին պայքարել համավարակի դեմ. համաճարակաբան
Այս մի քանի ամիսը բժիշկների հաշվին պայքարել ենք։ Գործի կազմակերպումն այնպես չի եղել, որ նրանք աշխատեն, մի քիչ հանգստանան։ Մարդիկ սպառվում են։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համաճարակի հաղթահարման նպատակով իրականացվող քայլերին։
Մասնագետի խոսքով՝ մարդիկ հոգնել են, սպառվել, ինչի հետևանքով նվազում է նաև աշխատանքի որակը. «Չի ստացվելու բժիշկների հաշվին։ Ռազմավարությունը պետք է փոխվի։ Բժիշկներին խրախուսեն, հանգստանալու հնարավորություն տալ, ինչը լուրջ կազմակերպչական աշխատանք է, որի համար մեծ խումբ պետք է աշխատեր։ Այդ ռազմավարությունները ղեկավարի ընկալումից է գալիս։ Երեկ վարչապետն ասաց, որ առողջապահական համակարգը զբաղվում է միայն արդեն վարակվածներով, իսկ չվարակվելը, այսինքն կանխարգելումն առողջապահական համակարգից դուրս է և անհատների, կազմակերպությունների, մնացածի պատասխանատվությունն է։
Այստեղ վտանգավոր բան եմ տեսնում, որ մասնագետները ճիշտ չեն ներկայացնում վարչապետին առողջապահական համակարգի պարտականությունները։ Դա ոչ միայն բուժումն է, կանխարգելումը։ Ավելի էժան է կանխարգելել, քան բուժել։ Կանխարգելումն առողջապահական համակարգի առաջին պարտականությունն է»,-ասաց համաճարակաբանը։
Վերջինս նկատեց՝ կանխարգելման հիմնական միջոցներն են հնարավորինս շատ թեստավորելը, կոնտակտավորներին հայտնաբերելը և կտրել համաճարակաբանական կապերը, ինչը հենց առողջապահական համակարգի պարտականությունն է։ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով սրանք ռազմավարական սխալներ են, որոնց հիմքում ընկած է այն, որ մեր բժշկագիտական ամբողջ պոտենցիալն օգտագործված չէ, բոլոր մասնագետներն ընդգրկված չեն և չի ստեղծվել հարթակ, որ բոլորս կարողանանք իրար հետ մի բան վերլուծենք և ինչ-որ մի բան առաջարկենք։
Մանրամասները՝ տեսանյութում։