Լուկաշենկոյի խոսնակը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է բելառուս առաջնորդի հոսպիտալացման մասին լուրերը՝ հայտարարելով, որ այդ լուրերը տարածողները դա չեն տեսնի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Էյսմոնտն այդպես է պատասխանել որոշ Telegram-ալիքներում տարածված տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին: Տարածված տեղեկության համաձայն՝ Բելառուսի նախագահի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է եղել, և նա հոսպիտալացվել է:
Հաղորդվող լուրերի համաձայն՝ Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատթարացել է Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից մեկ ժամ անց:
Լուկաշենկոն ուրբաթ առաջին անգամ անձամբ հանդիպել է Միշուստինի հետ, որը մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Այնուհետև Բելառուս առաջնորդը հանդիպումներ է անցկացրել Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինի և Ղրղզստանի վարչապետ Կուբատբեկ Բորոնովի հետ: