Հայտնի է Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի անունը
Ինչպես արդեն հայտնի է դարձել, Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ջեյհուն Բայրամովն ազատվել է Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնից:
Երրորդ հրամանագրով՝ Ալիևը Բայրամովին նշանակել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Ալիևը նշել էր, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:
«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել», - նշել էր նա: