Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի սադրիչ կեցվածքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Թուրքիայի սադրիչ կեցվածքի վերաբերյալ և կրկին կոշտ հայտարարություններ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, թե «Հայաստանը պետք է կարճ ժամանակում ուշքի գա և դառնա Հարավային Կովկասում որոշումների, ոչ թե խնդիրների մաս»:
Հայտարարության մեջ ասվում է, թե «ՀՀ-ն Թուրքիային սևացնելու միջոցով Ադրբեջանի նկատմամբ ագրեսիան կոծկելու նպատակ ունի»:
Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանի ագրեսիվ ազգայնականությամբ սնվող քաղաքականությունը ցավալի է, բայց ոչ զարմանալի»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Դրանց առնչությամբ հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտությանն առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։