Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների․ Սեյրան Օհանյան
Մեր համար հիմք պետք է հանդիասանա այն տեղեկատվությունը, որը տարածում է Պաշտպանության նախարարությունը։ Դա պաշտոնական տեղեկատվություն է։ Այս մասին «Ազատության» հետ զրուցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։
«Իմ տեղեկությամբ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը։ Դա կարող է կապ ունենալ բանակցային գործընթացի դանդաղ լինելու մեջ, ինչպես նաև Ադրբեջանի ներքաղաքական բավականին լուրջ խնդիրների հետ։ Գտնում եմ, որ ՀՀ ԶՈՒ-ը իրենց առջև դրված խնդիրները իրականացնում են բարձր մակարդակի։ Սա լոկալ ընդհարում է և այս ընդհարմանը մեր հանրությունը պետք է պատրաստ լինի։ Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ այդ հիմքը չկա, որ նման գործողություններ սկսվեն, բայց ամեն դեպքում Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն։ Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի պաշտպանության բանակը պատրաստ են ցանկացած գործողության՝ ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ պարտադրող գործողությունների»,-ասաց Օհանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չեղարկեց հայտարարված նիստը, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «ՀԱՊԿ-ում որոշման ընթացակարգերը, կոնսենսուսի հասնելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին»։
Օհանյանը նշեց, որ ադրբեջանցիները հոգեբանորեն ինչպես եղել են, այդպես էլ հիմա են և մեր զորամասի հրամանատարությունն ինքնուրույն են իրենց առջև դրված գործողություններն իրականացնում։