Ղազախստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
Ղազախստանը խորապես անհանգստացած է ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որի հետեւանքով մարդկային զոհեր են եղել: Այս մասին ասված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում մեզ բարեկամ Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն ցուցաբերել եւ հրաժարվել վիճելի հարցերը ուժի կիրառմամբ լուծելուց:
COVID-19 համավարակի եւ աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում առճակատման հետագա սրումը կարող է հանգեցնել անկանխատեսելի բացասական հետեւանքների:
Հույս ենք հայտնում՝ խաղաղության եւ համաձայնության արագ ձեռքբերման համար, առաջին հերթին՝ երկկողմ ձեւաչափով: Պատրաստ ենք հնարավորինս աջակցել՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի հարթակների շրջանակներում հակամարտության լուծման խաղաղ ճանապարհների որոնմանը»: