Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք կարող են հուժկու հանրահավաքներ կազմակերպել. Բադասյան
Իմ կարծիքով ընդդիմությունը հասարակությանը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք պատրաստ են հուժկու հանրահավաքներ կազմակերպել, եւ ահա արտակարգ դրությունն իրենց խանգարում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հավաքների իրավունքի սահմանափակումները հանելու վերաբերյալ ընդդիմադիրների առաջարկին:
«Բնականաբար դա կեղծ օրակարգ է, իրենք նման հնարավորություններ չունեն, պարզապես հիմա իրենց համար հարմար առիթ է այդ հարցը անընդհատ բարձրացնելու եւ արձանագրելու, թե իբր իշխանություններն իրենց թույլ չեն տալիս այդ հուժկու հանրահավաքները կազմակերպել:
Ինչ վերաբերում է իրավաչափությանը, ապա Սահմանադրության շատ հպանցիկ ուսումնասիրությունը կվկայի, որ առողջության պահպանությունը հավաքների սահմանափակման հիմք կարող է լինել: Այսինքն սա ամբողջությամբ իրավաչափ ու համաչափ է: Հենց այնպիսի իրավիճակ լինի, որ հավաքների ազատությունը էապես չվտանգի առողջության անվտանգությունը, կառավարությունը նման որոշում կկայացնի:»,-ընդգծեց նա: