Մեծամորում քամին ու կարկուտը քանդել են ջերմոցները, գյուղացիներն օգուտի փոխարեն, վնասն են հաշվում (տեսանյութ)
Արմավիրի Մեծամոր բնակավայրում 2 օր առաջ տեղացած անձրևի և կարկուտի հետևանքներն են։ Տնտեսվարողները 30 տարի է՝ ջերմոցային կուլտուրաներ են մշակում, բայց այսպիսի կադրեր միայն ֆիլմերում էին տեսել։
«Անցյալ տարի 3 մլն վարկ էի վերցրել պետությունից, 0.5 տոկոսով, 2 մլն էլ ես եմ ավելացրել վրան, սարքեցի ջերմոցը ու այսպիսի վիճակ: Գյուղում շատ ջերմոցներ են քանդվել, բայց սենց բան ով տեսնում, զարմանում է , ստեղից վերցնի տանի 100 մետր շպրտի: Շատ ամուր ջերմոց էր»,-ասաց տնտեսվարող Նորայր Գաբրիելյանը
Քամի, անձրև, կարկուտ, գործի են դրել բոլոր հակակարկտային կայանները, բայց՝ ապարդյուն: Նորայրի 6 ջերմոցից 2-ը հիմնովին քանդվել է, դրանցից մեկի հետքն անգամ չկա, ջերմոցը՝ երկաթներով հանդերձ, քամին պոկել ու հարակից առվակն էր շպրտել։
Կարենի 6 ջերմոցի բերքն էլ ամբողջությամբ վնասել է: Տան համար մի քանի պահածո են պատրաստվում սարքել, բայց դա հարցի լուծում չէ: Բաց երկնքի տակ բույսը փչանում է, իսկ ջերմոցի արագ վերակառուցումը ծախսերի հետ է կապված, որն այս պահին գյուղացին չունի:
«Արևն արդեն խփել է բերքին, իսկ բերքը բնական արևին սովոր չէ, հիմա արևի տակ չի դիմանում ու փչանում է, երևում է, որ գույնը փոխում է ու չորանում է, բույսը փոքր երեխայի նման է»,- ասաց գյուղատնտես Կարեն Փիլիպոսյանը:
Մարզպետարանից էլ վնասի չափ են ստուգում, դեռ տվյալներն են ամբողջացնում:
«Առայժմ ոչ մի հաշվարկ չունենք վնասի մասին, նոր ենք սկսում հաշվել, վերջնական կհաշվարկենք, կներկայացնենք մարզպետարան: Չգիտենք, թե անգամ քանի գյուղատնտես է վնաս կրել: Արդեն 4-րդ տունն ենք նայում»,-ասաց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Վարդան Միրզախանյան
Գյուղացիները մտածում են անցնել գյուղատնտեսական ապահովագրության, քանի որ, իրենց խոսքով՝ ամեն տարի մի վնաս լինում է, սակայն այս տարվա վնասն անհամեմատելի է: Տնտեսվարողներից յուրաքանչյուրը մի քանի միլիոն դրամի ներդրում էր արել, որի մեծ մասը վարկային միջոցներով էր: Կրկնակի օգուտ էին ակնկալում, սակայն նախնական հաշվարկով միայն կրկնակի վնաս են կրել: Մտածում են, որ Կառավարությունն այս հարցում կաջակցի:
Մանրամասները՝ տեսանյութում: