Դատարանը կորոշի` թանգարա՞ն, թե՞ մզկիթ. արդյոք Էրդողանը մեկ փամփուշտով երկու նապաստակ կսպանի
Այսօր՝ հուլիսի 2-ին, կարող է որոշվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը, որն այժմ թանգարանի կարգավիճակ ունի, սակայն վերջին տարիներին թուրքական կառավարության կողմից այն մզկիթի վերածելու փորձեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է eadaily.com կայքն իր անդրադարձում՝ հղում տալով France-Presse գործակալության այսօր տարածած տեղեկությանը:
Թուրքիայի գերագույն դատարանն այդ հարցում կարող է կողմնորոշվել արդեն այսօր, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ վճիռը մի քանի օրից կհրապարակվի:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայի պետական խորհուրդը (երկրի գերագույն վարչական դատարանն է) տաճարի մասին վճիռը կներկայացնի կամ այսօր, կամ երկու շաբաթվա ընթացքում:
«Դատարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, քաղաքական կլինի: Ինչ արդյունք էլ լինի, դա կլինի Թուրքիայի կառավարության քննարկման արդյունքը»,-ասել է լոնդոնյան «Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Ասլը Այդընթաշբաշը:
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը կկշռադատի մի շարք խնդիրներ, ներառյալ հարաբերությունները Հունաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, որտեղ «կրոնը կարևոր հարց է»:
Verisk Maplecroft ռիսկերի գնահատման կազմակերպության ներկայացուցիչ Էնթոնի Սքինները կարծիք է հայտնել, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը թույլ կտա Էրդողանին «մեկ փամփուշտով երկու նապաստակ սպանել»: Այդպիսով՝ թուրք առաջնորդը կկարողանա ուժեղացնել իր իսլամական և ազգայնական քաղաքականության հենքը` պահպանելով Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև կցուցադրի Անկարայի հավակնություններն ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում` առանց հաշվի առնելու արտաքին ուժերի` այդ թվում համաշխարհային տերությունների դիրքորոշումը:
«Էրդողանը բոլոր այդ նպատակներին միաժամանակ հասնելու համար չի կարողացել գտնել ավելի հզոր խորհրդանիշ, քան Սուրբ Սոֆիայի տաճարն է»,-ասել է Սքինները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: