2020-ի առաջին 5 ամիսներին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ մահվան դեպքերի նվազում է արձանագրվել
2020 թ-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 11 547 մահ։ Ընդ որում, առանձին վերցված հունվար, փետրվար ամիսներին, երբ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չէր հաստատվել, ավելի շատ մահ է գրանցվել, քան մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Տվյալները Tert.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
2019 թ-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում 11 795 մահվան դեպք է գրանցվել՝ 248 մահ ավելի, քան 2020 թ-ի նույն ժամանակահատվածում։ Իսկ 2018 թ-ի հունվար-մայիս ամսիներին 11 316 մահ է արձանագրվել՝ 231 դեպք ավելի քիչ, քան 2020 թ-ին։
Նմանատիպ պատկեր է ստացվում, եթե համեմատում ենք 2020 թ-ի մարտ-մայիս ամիսները, երբ ՀՀ-ում կորոնավիրուսի հազարավոր դեպքեր էին հաստատվել և 100-ավոր մահեր՝ կորոնավիրուսի հետևանքով։ 2020 թ-ի մարտ-մայիս ամիսներին ՀՀ-ում ընդհանուր առմամբ արձանագրվել է 6546 մահ, 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 6841 մահ (2020 թ-ի համեմատ 295 մահ ավելի), 2018 թ-ին՝ 6403 մահ (2020 թ-ի համեմատ 143 մահ քիչ):
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստավել է մարտի 1-ին, իսկ մահվան առաջին դեպքը արձանագրվել է մարտի 26-ին։ Հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 459 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 153 է:
Վիճակագրական կոմիտեից Tert.am-ը նաև խնդրել էր տրամադրել մահվան պատճառների ցուցանիշները, սակայն հարցման պատասխանում ներկայացված էին միայն 2020 թ-ի առաջին եռամսյակի տվյալները։
«Ինչ վերաբերում է մահվան պատճառներին, ապա ստորև տրամադրվում են 2018-2020 թթ․ հունվար-մարտի տվյալները, քանի որ դրանց ամփոփումն ու հրապարակումը՝ մինչ այժմ իրականացվել է եռամսյակային կտրվածքով։ Սակայն, հաշվի առնելով COVID-19-ի պայմաններում խնդրո առարկա տվյալների կարևորությունը, հունվար-մայիս ամիսներին մահվան պատճառների մասին նախնական տվյալները կզետեղվեն «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թ-ի հունվար-մայիսին» զեկույցում»,- ասված է պատասխանում։
Ստորև ներկայացված է 2018-2020 թթ․ հունվար-մարտի մահվան պատճառների տվյալները․