ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թ-ին գնել է 6․5 մլն դրամ արժողությամբ LEXUS, տարեկան աշխատավարձը կազմել է 13․7 մլն դրամ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թ-ի հունվարին գնել է 6․5 մլն դրամ արժողությամբ 2005 թ-ի արտադրության LEXUS ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Արմեն Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրից։
ԱԽ քարտուղարի պաշտոնում աշխատանքի դիմաց 2019 թ-ի ընթացքում նա ստացել է 13․7 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Արմեն Գրիգորյանը ևս 4․2 մլն դրամ փոխառություն (վարկեր) է վերցրել։
Նրա բանկային հաշվին եղել է 5 մլն դրամ, 3449 դոլար։ Արմեն Գրիգորյանը տարեսկզբին «Միկշին» ՍՊԸ-ին փոխառություն է հանձնել 15․3 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 19․5 մլն դրամ։ Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումները կազմել են 1․4 մլն դրամ։
Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականն է։ Նա ՀՔ-ից ստացել է 2․7 մլն դրամ աշխատավարձ։
Մանե Մինասյանը, ինչպես Արմեն Գրիգորյանը, չունի անշարժ գույք։ Նա նաև տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Իսկ բանկային հաշվին մնացորդը կազմել է 895 հազար դրամ։