Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ
Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
«Սուրբ Սոֆիայի տաճարն իր համընդհանուր կերպարով կարող է պահպանվել միայն որպես թանգարան: Դրա վերածումը մզկիթի կստիպի միլիոնավոր քրիստոնյաների երես թեքել իսլամից, այդ ծրագրի իրականացումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային ճարտարապետության կարևորագույն կոթողներից է, այն իր 1500-ամյա պատմությամբ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարբեր մշակույթների կրող մարդկանց իր մոտ է բերել որպես թանգարան»,-ասել է Տիեզերական պատրիարքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: