Գործադիր իշխանությունը, ԱԺ պատգամավորները ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը, որին լուռ համաձայնությամբ հետևեց ԼՀԿ-ն
Սա բացառապես քաղաքական գործընթաց էր, քաղաքական գործընթացի շրջանակներում իշխանության մի ճյուղին՝ դատական իշխանությանը` ի դեմս սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, իշխանությանը հնազանդեցնել, որին մասնակից դարձավ ԱԺ-ն, և ըստ էության, մի խումբ անձինք՝ ի թիվս գործադիր իշխանության, ԱԺ պատգամավորների, ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:
Նրա խոսքով՝ սա իշխանության մեկ ճյուղը յուրացնելու առաջին փորձը չէր. առաջին անգամ նախաձեռնվեց հանրաքվե, երկրորդ անգամ՝ այս գործողությունները: «Միայն այն հանգամանքը, որ իշխանությունն իր նպատակներին հասնելու համար փորձեր էր կատարում ու վերջում փոփոխեց Սահմանադրության անցումային դրույթը, նշանակում է, որ այստեղ իրավունքի մասին խոսք չի կարող լինել»,-նշեց նա:
Փաստաբանի դիտարկմամբ՝ իշխանությունը մի շարք բացթողումներ արեց, ինչի պարագայում էլ ավելի ակնհայտ դարձավ իր նպատակը: Պողոսյանը նշեց, որ թեև Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, սակայն ի տարբերություն 2005-ի Սահմանադրության, 2015-ի Սահմանդրության մեջ նորմը առ այն, որ դրա նորմերը գործում են անմիջականորեն, բացակայում են:
«Այսինքն՝ Սահմանադրությունն անմիջականորեն գործում է միմիայն մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ գլխի մասով: Այդ դրույթը միանշանակ որոշակի նոր իրավահարաբերություններ ստեղծելու առումով է ստեղծվել, և բոլոր կիրարկվող օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Վերջինիս համաձայն՝ ՍԴ դատավորների ազատումն ու նշանակումը սահմանվում է ՍԴ մասին ՍԴ օրենքով: Այս պարագայում, առանց փոփոխելու տվյալ օրենքը, որևէ որոշում, որևէ ֆեյսբուքյան գրառում, ուղերձ չի կարող ունենալ իրավական ուժ: Դրա համար պետք է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ իրականացվեն: Իշխանությունը հապշտապ որոշում կայացնելու արդյունքում ուղղակի լավ չի աշխատել, այդ մասը մոռացել է, և հավանաբար առաջիկայում կտեսնենք նաև այդ փոփոխությունները»,-պարզաբանեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ին առնչվող ողջ գարծընթացն սկսվել է դեռևս 2019-ի հունիսից՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում նշանակմամբ, և այս ամբողջ ընթաքցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ-ն, գործադիր իշխանությունը, ՍԴ որոշ դատավորներ ամեն ինչ արեցին՝ ՍԴ-ում արհեստական ճգնաժամ ստեղծելու համար, որպեսզի ՍԴ-ն չկարողանա որոշումներ կայացնել, և իշխանությունն ունենա իր գրպանային ՍԴ-ն:
«Մեր խնդիրն այս պահին արձանագրելն է՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, արձանագրել բոլոր դերակատարներին, որ չմոռացվի՝ ովքեր էին նախաձեռնում իշխանության յուրացումն ու սահամանադրական կարգի տապալումը: Այս ամենի բացասական ազդեցությունը զգալու են նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք այժմ որևէ ազդեցություն չեն զգում, կամ անգամ գոհ են այս իրավիճակից, սակայն 3-4 տարի հետո սրա համար վճարելու է ՀՀ-ն, առաջանալու են ընդհուպ մինչև պետականությանն առնչվող հարցեր»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով ԱԺ քվեարկությանը, որին մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, և հարցին՝ եթե ապացուցվի սահմանադրական կարգի տապալումն ու առաջանա քրեական պատասխանատվության խնդիր, ընդդիմադիր խմբակցությունները կխուսափե՞ն դրանից ՝ մասնակցություն չունենալու հիմքով, Պողոսյանը պատասխանեց.
«Հանցագործության մասնակցությունը նաև անգործությամբ է տեղի ունենում, եթե նախապես տեղեկացված են այն մասին, թե ինչ հանցագործություն է կատարվում: Ակնհայտ էր, որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական որոշման արդյունքում մասնակցեց այդ գործընթացին: Ակնհայտ էր, որ «Լուսավոր Հայաստանը» տեսել էր սահմանադրականության խախտումներ: Ակնհայտ է նաև, որ սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու՝ «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությանը չմիանալու հիմնավորումը իրականությանը չի համապատասխանում: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» չի կարող համարվել ընդդիմադիր քաղաքական ուժ: Այն լուռ համաձայնությամբ հետևել է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը»,-ասաց Միհրան Պողոսյանը: